News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայկական կողմը պետք է հրապարակի իր ձեռքի տակ առկա տվյալները՝ առ այն, թե Ադրբեջանում քանի գերի է պահվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ավելի զգայուն հարց, քան գերիների իրավունքների պաշտպանությունն է, չկա։ Միջազգային եւ ներպետական իրավունքում սա անբեկանելի կանոն է, հետեւաբար, Ադրբեջանը գերիներին հետ չվերադարձնելով միջազգային հանցագործություն է կատարում՝ պատանդ պահելով նրանց,  իսկ Հայաստանի Հանրապետությունը գերիների տվյալները չհրապարակելով չգիտեմ՝ ինչ է հետապնդում»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Նշենք, որ օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարարել էր, թե Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են եւ ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նախօրեին գրել էր, որ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ։

Տարոն Սիմոնյանի կարծիքով՝  Հայաստանի իշխանությունների կողմից գերիների թիվը չհրապարակելու պատճառն անկազմակերպվածության եւ նորմալ տեղեկատվության չտիրապետելու մեջ է. «Չեմ կարծում, որ Կառավարության ներկայացուցիչներն  էդքան չեն հասկանում, որ եթե իրենք ունեն տվյալներ ու չեն հրապարակում, դա վտանգի տակ է դնում այդ անձանց, ովքեր գերի են։ Օրինակ, եթե Ադրբեջանն ասում է, որ եթե դուք գտնում եք, որ այս մարդը գերի չէ, խնդիր չէ, ես կարող եմ նրա ճակատագրի հետ վարվել այնպես, ինչպես կամենում եմ, եւ մենք այդ գործողությամբ վտանգի տակ ենք դնում էդ մարդու կյանքը, եթե ունենք տվյալ, եւ  չենք հրապարակում։ Եթե տվյալները կան, պետք է անհապաղաղ հրապարակվեն, որովհետեւ նախ մենք կարողանում ենք այդ մարդկանց կյանքի իրավունքը երաշխավորել գոնե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով, եւ երկրորդ՝ ավելացնում ենք միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որ նրանք ավելորդություններ թույլ չտան այդ անձանց նկատմամբ, այդ թվում՝ չխոշտանգեն»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը չի տիրապետում տեղեկատվության, թե Ադրբեջանում քանի հայ գերի կա։ Պաշտոնական Բաքուն հաստատել է, որ նոյեմբերի  9-ից հետո հայկական կողմից գերեվարվել է 62 հոգի։ Տարոն Սիմոնյանը կասկածելի է սա համարում եւ ընդգծում. «Ո՞վ ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո են այդտեղ եղել այդ  հայ զինվորականները։ Ադրբեջանը կարող է էլի գերի վերցնել եւ ասի, որ հունվարին են էդ մարդկանց վերցրել ինչ-որ այլ տարածքներից, պետք է հալած յուղի տեղ ընդունե՞լ։ Սա միջազգային, պատերազմական հանցագործություն է։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը լրիվ ճիշտ հայտարարություն  է արել, ես ստորագրում եմ այն։ Դա իրավաբանորեն գրագետ եւ հայկական շահի պաշտպանությանն ուղղված հայտարարություն էր»:

ԼՀԿ պատգամավորը հավելեց. «Այսօր ռազմագերիների կյանքը վտանգի տակ է դրված, եւ հնարավոր է՝ ում անունները այսօր չեն հրապարակում, վաղը մահացած գտնեն ինչ-որ տարածքում, սպանեն, բերեն, գցեն։ Ինչպես, օրինակ, Հադրութում դեպք եղավ, երբ 6 զինվորականի աճյուն հայտնաբերվեց, հիմա մենք չգիտենք՝ բախման արդյունքո՞վ էին այդ մարդիկ մահացել, թե՞ բանտերում տանջամահ էին արվել, հետո բերել են, տներում թողել։ Սրանք հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրվեն, ճիշտ տեղեկատվություն հրամցնենք միջազգային հանրությանը, եւ Կառավարության ճիշտ քայլեր միջոցով պաշտպանենք էդ մարդկանց կյանքի իրավունքը։ Չի կարելի անպատասխանատու անփութություն դրսեւորել, ինչ-որ առումով սա սահմանագիծ է հանցավոր անփութության հետ, որովհետեւ մենք գործ ունենք մարդկանց կյանքի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ