News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 12
USD
522.1
EUR
635.08
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Վազգեն Մանուկյանի հետ էինք գնացել Արցախ, որտեղից վերադարձել եմ հոկտեմբերի 2-ին, այնտեղ էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը, եւ այն պատկերը, որ ես ունեի մինչեւ Արցախ մեկնելը՝ ոչ մի լավ բանի մասին չէր խոսում, իսկ Արցախում, պարզվեց, վիճակը շատ ավելի վատ է, քան ես պատկերացնում էի։ Այս մասին 168․am-ի Pressing հաղորդաշարի ընթացքում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, որը 2020-ի հոկտեմբերի 3-ին հայտարարություն էր տարածել, որտեղ տագնապ էր հնչեցրել եւ օրվա հրամայական համարել ՀՀ վարչապետի ու նրա կառավարության անհապաղ հեռացումը։  

«Նիկոլ Փաշինյանը 2,5 տարվա ընթացքում ամեն ինչ արեց Ադրբեջանի պատերազմ սկսելը միջազգային հանրության աչքում արդարացնելու համար։ Արցախում ես համոզվեցի՝ բացահայտ եւ միտումնավոր անկազմակերպվածությունը, թե ռազմական գործողությունների, թե զինված ուժերի մատակարարումների, տեղաշարժերի, թե հրամանատարության հետ կապված եւ ինչ է կատարվում բունկերում։ Հաղթանակած գեներալներն ամբողջովին կտրված էին հրամանատարությունից։ Այնտեղ Խաչատուրովին եմ հանդիպել, որն ասել է, թե 2 անգամ փորձել է մտնել բունկեր, բայց իրեն չեն թողել։ Բազմաթիվ այլ փաստեր ինձ համոզեցին, թե այն ամենը, ինչի համար Փաշինյանին արտաքին ուժերը բերել են իշխանության, նա կատարում է, նաեւ առաջադրանքը մարտի դաշտում։ Ուստի Երեւան վերադառնալով հանդես եկա հայտարարությամբ։ Որ եթե չկասեցվի այդ ընթացքը, աղետը անխուսափելի է», ասել է Դավիթ Շահնազարյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրել է, որ երբ 1 տարի առաջ հյտարարում էր, թե Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը, շատերը, այդ թվում փորձագետներ, կուսակցապետեր իրեն խնդրում էին պարզաբանել այդ միտքը, եւ հետագայում բոլորը համոզվել են, որ դա այդպես է։

«Դա եղել է ծրագիր, այն իրականացվել է եւ հիմնական մասը Փաշինյանին ղեկավարող դրսի ուժերը իրականացնում են հիմա։ Մի քանի երկրների հատուկ ծառայություններ, այդ թվում նաեւ Թուրքիայի հետախուզությունը, այդ ծրագիրը մշակել են տարիներ առաջ՝ 2014-15 թվականներին։ Քննությունը կպարզի թե՛ Փաշինյանի իշխանության գալու տեխնոլոգիաները, թե ֆինանսավորման աղբյուրները։ Իմ խորին համոզմամբ, երբ 2018-ին այդ ցույցերը սկսեցին կրել զանգվածային բնույթ, իշխանությունների համար պարզ դարձավ դրսի ուժերի մասնակցությունը, բայց արդեն ելք չկար։ Մինչեւ ապրիլի 17-ը դրանք բազմամարդ չէին, առավելագույնը 3 հազար մարդ, հետո թիվը կտրուկ մեծացավ, բայց այնքան չէր, որքան ասում են՝ 100-200 հազար մարդ, առավելագույնը եղել է 83 հազար մարդ, այն էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։ Այդ օրերին էի ես ասում, որ սա հակաարցախյան շարժում է։ Երբ ես 2,5 տարի անընդհատ ահազանգում էի, շատերն ասում էին՝ շատ ծայրահեղական է, հետո բոլորը համոզվեցին», ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր թիմակիցներով սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։

«Սա 5-րդ շարասյուն է եւ Ալիեւի թիվ մեկ գործընկերը։ Ավելին, ասել եմ, որ այս իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան Ադրբեջանի ամբողջ բանակը։ Այն, որ նա պատերազմը չկանգնեցրեց, դա նոյնպես այդ քաղաքականությունն է, նա ուներ պայմանավորվածություն Ալիեւի հետ։ Տեսեք, 44 օր եղել է պատերազմ, եւ որեւէ անգամ չի եղել հրահանգ, կայունացնել ճակատի գիծը, նա մի քանի անգամ մերժել է Մոսկվայից ստացած առաջարկները, հոկտեմբերի 3-ին եւ 11-ին Փաշինյանը մերժել է եւրոպական մի երկրի առաջարկը՝ ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր։ Մյուսը՝ Շուշիի, եւ մյուս պայմանավորվածությունները եղել են Ալիեւի հետ։ Վազգեն Մանուկյանն ասել է, ես էլ կհաստատեմ, որ ադրբեջանական բանակը նույնպես հյուծված է, հոկտեմբերի 18-ին եւ նոյեմբերի 4-ին Ալիեւը դիմել է Էրդողանին, ասլով, թե հյուծված է եւ չի կարող շարունակել։ Էրդողանն ասել է, որ գրավոր դիմի, նա էլ դիմել է։ Եվ եթե ուշադրություն դարձնեք Թուրքիայից բենափոադրումներին՝ կտեսնեք, որ դրանք հոկտեմբերի 18-ից հետո մեծապես ավելացել են։ Ինձ համար հիասթափեցնող է, որ ԱԱԾ տնօրենն ասում է, թե չի հասկանում, թե ինչու վարչապետը չի կանգնեցնում պատերազմը։ 2018-ի դեկտեմբերի 4-ի ասուլիսում եմ ես հայտարարել, որ Փաշինյանը գնացել է գործարքի՝ իշխանություն Ացախի դիմաց բանաձեւով։ Նույն օրը երեկոյան նամակ եմ ստացել ԱԱԾ-ից, որտեղ գրված էր, թե ձեր հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին, այնպես որ զարմանալի է, որ ԱԱԾ տնօրենը չէր հասկանում, թե ինչու չի կանգնեցնում պատերազմը», նշել է Շահնազարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ