News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե ինքը բժշկական կրթություն չունի, այլ իրավաբան է։

«Այո, ես մասնագիտությամբ իրավաբան եմ։ Միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում։ Վերին 3 տարվա ընթացքում ես զբաղեցրել եմ Առողջապահության նախարարի տեղակալի, ապա առաջին տեղակալի պաշտոնը։ Կարծում եմ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը, կստեղծեն բավարար հանգամանքներ, որպեսզի լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել։ Եվ, իհարկե, հենվելով մասնագիտական կարծիքների, մեր ոլորտի ճանաչված բժիշկ-մասնագետների վրա, առողջապահության ոլորտում ունենալ լավագույն քաղաքականությունը»,- ասաց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե  խոսվում է, որ նախարարի ամուսինը  եւ արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը բիզնես շահեր ունեն, Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց․«Ամուսինս՝ Ստեփան Ավանեսայնը որեւէ ձեւով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ, եւ որեւէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսայնի հետ։ Ես եւ ամուսինս այդ ընկերությունում փայաբաժին չունենք։ Մայրս, այո, փոքր փայաբաժին ունի»։

Դիտարկմանը, թե այստեղ շահերի բախում չի՞ նկատում, նախարարն ասաց՝ ինքը շահերի բախում չի տեսնում։

«Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները առաջնորդվում են գնումների մասին օրենքով եւ մրցույթի միջոցով մասնակցում են, եւ լավագույն առաջադրող գինը շահում է»,- ասաց նա։

 Ըստ շրջանառվող լուրերիէ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության հոգեւոր հովիվն է։

«Սահմանադրությամբ կրոնի ազատությունը անքակտելի իրավունք է, նշեմ, որ ամուսինս չի հանդիսանում քարոզիչ»,- նշեց նա, չպատասխանելով հարցին, թե իր ամուսինը հարո՞ւմ է այդ աղանդին։

Հարցին, թե ինչպե՞ս է կմեկնաբանի այն կարծիքները, որ նույնիսկ իր նշանակումից հետո, այնուամենայնիվ Առողջապահության նախարարությունը  ղեկավարելու է նախկին նախարարը, Ավանեսյանն ասաց․ «Թույլ տվեք նման գնահատականների չարձագանքել։ Ես ստանձնել եմ նախարարի պաշտոնը, եւ պատրաստվում եմ լիովին պարտականություններս եւ գործառույթներս կատարել»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե համաձա՞յն է, որ Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, եւ ինչպե՞ս է գնահատում այժմյան կորոնավիրուսային իրավիճակը, նախարարն արձագանքեց․

«Հայաստանում ներկայումս համաճարակային իրավիճակը բավական կառավարելի շրջանակներում է։ Եվ, մենք հնարավորինս  փորձում ենք մեղմ ձեւով հակահամաճարակաին միջոցառումներ իրականացնել»։

Ինչ վերաբերվում է հարցի առաջին մասին, ապա նախարարի գնահատմամբ՝ ընդունլի չէ, երբ ասում են, որ Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

«Կորոնավիրուսը նոր էր, այսինքն՝ մենք հընթացս կիրառում էինք այն  բոլոր միջոցառումները, որոնք ուղղված էին կանխարգելելու, իսկ այնուհետեւ կառավարելի պահելու համաճարակի տարածվածությունը եւ դրա հետեւանքով բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման ողջ  ծավալը ապահովելու համար։ Կարծում եմ, որ ՀՀ Կառավարությունը ելնելով  տվյալ պահին առկա գիտական, մասնագիտական տեսակետներից եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով հրատապ ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում․․․․եւ համեմատելիության տեսանկյունից եթե նայում ենք՝ տեսնում ենք, թե բոլոր երկրներում եղել են ալիքներ, նման իրավիճակ է նաեւ Հայաստանում։ Բայց, խոսել, տապալման մասին, ընդունելի չէ»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ