News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի անդմակցության հարցին։ Գրառման մեջ ասվում է․

«2020թ. սեպտեբեր–նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ դրա հետեւանքները կենսական անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի Հանրապետության կողմից պրոակտիվ արտաքին քաղաքականության իրականացումը եւ մեր հիմնական գործընկերների հետ հարաբերությունների որակական փոփոխությանը հասնելուն միտված քայլերի ձեռնարկումը:

Այս համատեքստում առաջնային կարեւորություն են ստանում նաեւ հարաբերությունները Չինաստանի հետ: Վերջին տարիներին ամենատարբեր մակարդակներում անընդհատ խոսվում է հայ-չինական առնչությունների զարգացման եւ ամրապնդման մասին, սակայն ցավոք սրտի, մինչ այժմ քիչ բան է արվել այդ ուղղությամբ որեւէ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

Փաստացի Հայաստանը չունի Չինաստանի հետ թե քաղաքական, թե ռազմատեխնիկական եւ թե տնտեսական հարաբերությունների զարգացման ռազմավարություն: Մինչդեռ միջազգային հարաբերություններում այդ պետության աճող ազդեցության հաշվառմամբ՝ վերջինիս հետ հարաբերություններում որակական փոփոխությունների արձանագրումը բխում է Հայաստանի կենսական շահերից:

Այս համատեքստում անհասկանալի է 2020թ. հունիսին ընդունված որոշումը 2020թ. փետրվարին ստեղծված «Կրոնական ազատության միջազգային դաշինքին» Հայաստանի անդամակցության վերաբերյալ: 2020թ. հունիսի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ակնհայտորեն հակաչինական ուղղվածություն ունեցող այս դաշինքին անդամակցությունը Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փորձել էր հիմնավորել Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայ համայնքների իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու Հայաստանի ցանկությամբ:

Սակայն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից քրիստոնեական մշակութային կոթողների, այդ թվում մի շարք հայկական եկեղեցիների դեմ իրականացված քստմնելի ոճրագործությունները որեւէ դատապարտման չեն արժանացել այս կազմակերպության կողմից: Սա խոսուն վկայություն է այն փաստի, որ դաշինքի ստեղծումն ունի զուտ աշխարհաքաղաքական նպատակ՝ դաշինքին անդամակցած պետություններին ներգրավել Չինաստանի դեմ իրականացվող քարոզչական պայքարում:

Ավելին, դաշինքը հնարավորություն է տալիս անդամ պետություններին հանդես գալ նախաձեռնություններով իրենց հուզող հարցերի վերաբերյալ դաշինքի անունից հայտարարություններ ընդունելու համար: Այսպես, 2020թ. սեպտեմբերի սկզբին Լատվիայի արտաքին գործերի նախարարը դաշինքի շրջանակներում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ կոչ անելով ընդունել հայտարարություն եւ դատապարտել Բելառուսի իշխանություններին՝ 2020թ. օգոստոսի 31-ին Բելառուսի կաթոլիկ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Կոնդրուսեվիչի մուտքը Բելառուս արգելելու համար: Մինչդեռ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել՝ դաշինքի անունից Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված ահաբեկիչ վարձկանների կողմից Արցախում քրիստոնեական կոթողների պղծումն ու ոչնչացումը դատապարտող հայտարարություն ընդունելու համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դաշինքին անդամակցությունը Հայաստանը չի օգտագործում իր շահերի պաշտպանության նպատակով, միեւնույն ժամանակ հասկանալի է, որ այս դաշինքին Հայաստանի անդամակցումը բացասաբար է ընդունվել Չինաստանի իշխանությունների կողմից եւ կարող է էական խոչընդոտ դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետությունը պետք է լրջորեն խորհի այս ամենի շուրջ»:

ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ 2020թ. սեպտեբեր – նոյեմբեր ամիսներին...

Опубликовано Mikayel Melkumyan Четверг, 21 января 2021 г.
Տպել
Ամենաշատ