News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը հարցում է ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմաններում պարզաբանել, թե օրենսդրական ինչ հիմնավորումներով է աշխատակազմը հրաժարվել հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել լրագրողի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը NEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմի կողմից հավատարմագրումը մերժելն անմիջականորեն ուղղված է լրատվամիջոցի եւ լրագրողի գործունեության դեմ։

«Մի կողմ թողնենք՝ նրանք սիրում են, չեն սիրում, ում են նախընտրում, բայց նրանք պարտավոր են պարզաբանում տրամադրել, որովհետեւ դա ցանկացած լրատվամիջոցի դեմ նրանք կարող են, եւ վստահ եմ՝ կկիրառեն։ Ժամանակի ընթացքում եղել են տարբեր դրսեւորումներ, բայց ոչ այս կարգի, ընդ որում՝ տվյալ օրը, ակնհայտորեն, այդ պատգամավորը, որը կրիմինալ տարբեր դրվագներով հայտնի է հանրությանը, կոնկրետ կոպիտ խախտում է անում, իրեն իրավունք է վերապահում վերցնել լրագրողի խոսափողը, դրանից ակնառու քայլ ի՞նչը կար, որ պետք է քննադատության ենթարկվեր իր գործընկերների կողմից։ Դահլիճում բազմաթիվ նախկին լրագրողներ կան, ովքեր պետք է դատապարտեին։ Երեւի սրանով չափում են իրենց նվիրվածությունը իրենց ղեկավարին։ Մասնավորապես, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի կողմից խրախուսվում է, որովհետեւ նրանք այդպիսով ցույց են տալիս, թե ինչ հավատարիմ են Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար նրանցից որեւէ բան սպասելն անիմաստ է։ Ինչպես տեսնում ենք՝ գործող վարչակարգը, առհասարակ, իրենց պատգամավորներին ձգելու, պատժելու կամ նույնիսկ դիտողություն անելու հատկություն չունի»,- ասաց նա։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Հայկ Սարգսյանի վարքը պետք է քննվեր, աղմուկ պետք է բարձրացնեին լրագրողական-հասարակական կազմակերպությունները, նախկին լրագրող պատգամավորները։

«Հիշեցնեմ մեկ դեպք, որ Վովա Գասպարյանը մեր գործընկեր Սիրանուշ Պապյանի մասին արտահայտվել էր, ամիսներ շարունակ օր ու գիշեր լրագրողական շրջանակները դրա մասին էին խոսում։ Հետո, Ջհանգիրյան Գագիկը կարող է իրեն ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տալ խորհրդարանում, ձայները կտրեն այդ կազմակերպությունները։ Ամեն օր այդ երեւույթները նկատելի են։ Ուղղակի գետինը մտնեն բոլոր այն լրագրողները, ովքեր այսօր պատգամավորի մանդատ ունեն ու լռում են։ Նրանք Նիկոլ Փաշինյանին հավասար այս երկիրը կործանման տարած դավաճաններ են եւ մի օր անպայման դատարանի առաջ կանգնելու են։ Իհարկե, ինձ ընդհանրապես Ազգային ժողովում նրանց աշխատաձեւը չի զարմացնում, որովհետեւ մի խորհրդարան, մի իշխանություն, որը կարող է անօրինական սահմանադրություն փոխել, անօրինական սահմանադրական դատարան փոխել, անօրինական ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել, առավոտից գիշեր անօրինականությամբ զբաղվել, Սյուզի Բադոյանը կամ լրագրողն ով է, որ այս իշխանությունները ուղղակի չանեն»,- նշեց նա։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով՝ լրագրողին համատարմագրումը մերժելը նման է վրեժխնդրության։

«Լրագրողի վարքն էլ իդեալական չէր, լրագրողն իմ ճաշակով պետք է իրեն ավելի զուսպ, ավելի կոռեկտ պահեր, բայց պատգամավորի վարքը ընդհանրապես անընդունելի է, որովհետեւ բոլոր դեպքերում, եթե դու քաղաքական գործիչ ես, պատգամավոր ես, պետք է նյարդերդ մի կողմ դնես եւ թույլ չտաս քեզ այնպիսի պահվածք, ինչպիսին քեզ թույլ կտաս, օրինակ՝ փողոցում, որովհետեւ դու ինքդ ես ցանկացել  պատգամավոր դառնալ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ