News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2021 թվականի ծրագրերի, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեության եւ համերգային հոբելյանական սեզոնի ծրագրի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Ինչպե՞ս եք գնահատում 15-ամյա անցած ուղին Հայաստանի երիտասարդական նվագախմբից մինչև Պետական սիմֆոնիկ նվագախումբ:  

Իմ գնահատականը եւ՛ սուբյեկտիվ է, եւ՛ օբյեկտիվ: Եթե երկրում պայմաններն ավելի բարենպաստ լինեին ստեղծագործ կոլեկտիվների զարգացման համար, ապա ես վստահ եմ, որ մեր խանդավառությամբ եւ աշխատասիրությամբ մենք ավելիին կհասնեինք: Սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու խոչընդոտները՝ կարծում եմ, որ մենք աննկարագրելի մեծ եւ մասշտաբային արդյունքի ենք հասել: Այսօր Հայաստանում կա երաժշտական կոլեկտիվ, որն անհավանական  կրեատիվ նախագծեր ունի եւ նոր լսարան է ձեւավորում: Կոլեկտիվ, որը  ելույթ է ունեցել աշխարհի լավագույն համերգասրահներում՝ Մյունխենի «Gasteig» մշակութային կենտրոնում, Զալցբուրգի «Grobes Festspielhaus»-ում, Շտուտգարտի «Բեթհովեն» սրահում, Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում, Լոնդոնի «Բարբիքան» կենտրոնում, Վիեննայի «Musikverein»-ում եւ այլն:   

Ինչպե՞ս է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը տոնելու հոբելյանական տարին

Կորոնավիրուսի պատճառով շատ բան չի հաջողվի իրականացնել, շատ արիտստներ եւ մեր շատ մտերիմ ընկերներ չեն կարողանում Հայաստան գալ, որպեսզի մասնակցեն հոբելյանական գալա համերգին, որը կկայանա հունվարի 25-ին: Սակայն ես երջանիկ եմ, որ չնայած դրան՝ իմ շատ երաժիշտ ընկերներ, ում հայ հանդիսատեը սիրել է, ներկա կլինեն գալա համերգին:

Իհարկե, ցանկալի կլիներ ավելին անել, սակայն պանդեմիայի պատճառով եւ հաշվի առնելով անվտանգությունը՝ դահլիճում դատարկ տեղեր կլինեն, եւ քիչ մարդիկ ներկա կլինեն համերգին: Սակայն մենք այդ օրը կունենանք վառ ծրագիր, որում կմիավորենք դասական ակադեմիական երաժշտությունը եւ մեր կրեատիվ նախագծերը, որոնք թիրախավորում են երիտասարդ լսարանը: Դա կլինի լավագույնի՝ համաշխարհային եւ հայկական դասական երաժշտության, ջազի եւ փոփ երաժշտության համադրություն:

Չնայած կարանտինին՝ Արամ Խաչատրյանի անվան Միջազգային մրցույթն ու Միջազգային փառատոնը կկայանա:

Կարելի՞ է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն ամբողջ աշխարհում հայկական երաժշտության դեսպան անվանել՝ հաշվի առնելով համերգացանկն ու կոլեկտիվի ելույթների աշխարհագրությունը:  

Կարծում եմ՝ այն չի կարելի այդպես չանվանել: Եթե խոսում ենք այն մասին, որ Հայաստանում դասական երաժշտության նշանավոր ավանդույթներ կան, ապա սիմֆոնիկ նվագախումբը միակ կոլեկտիվն է, որը հանդես է գալիս ոչ միայն հայտնի համերգասրահներում, այլ նաեւ այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են Medici-ն եւ Mezzo-ն: Ելույթ ունենալով համաշխարհային հայտնի համերգասրահներում՝ մենք չենք սահմանափակվում հայտնի դասական ստեղծագործությունների կատարմամբ, մենք հավատարիմ ենք մնում ամբողջ աշխարհում հայկական երաժշտությունն հանրաճանաչ դարձնելու մեր քաղաքականությանը՝ ներկայացնելով հայկական կոմպոզիտորական դպրոցը Եվրոպայում: Առաջին անգամ Հայաստանի սահմաններից դուրս հնչել է Ջոն (Ջիվան) Տեր-Թադեւոսյանի «Մարդու ճակատագիրը» Երկրորդ սիմֆոնիան, որը 20-րդ դարի հայկական կոմպոզիտորական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այդ աշխատանքը բարձր գնահատական է ստացել պահանջկոտ եվրոպական լսարանի եւ քննադատների կողմից:    

Մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ կա եզակի հայկական սիմֆոնիզմ, իսկ երկիրը, որն ունի իր հնչեղությունը, իր հարմոնիան եւ ավանդությունները, շատ ուժեղ է, եւ, իհարկե, մենք դա ներկայացնում ենք ակադեմիական դոմինանտ մակարդակում: Այո, մենք ունենք կոմպոզիտորներ, որոնց աշխարհը չի ճանաչում, եւ մեր առաքելությունն է կատարել նրանց ստեղծագործություններն ու դրանք ցույց տալ աշխարհին:

Ձեր նախաձեռնությամբ ստեղծվել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Ո՞րն է հիմնադրամի հիմնական նպատակը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն ունի մասնագիտական նպատակ. մենք աջակցում ենք երեխաների, որոնք երաժշտական կարիերան են ընտրել, եւ, իհարկե, կարծում եմ, որ երեխաների կարիերայի համար ժամանակի, գիտելիքների եւ նյութական միջոցների ներդրումը կարեւոր է ոչ միայն նրանց, այլ նաեւ հանրության ու այն երեխաների համար, ովքեր տեսնում են, որ ձգտելու տեղ ունեն: Այժմ հիմնադրամն ունի 10 կրթաթոշակառու, սակայն մեզ ավելին է պետք, եւ Հայաստանում կա այդ կապիտալը: Խոսելով կապիտալի մասին՝ ես նկատի ունեմ տաղանդներին, տաղանդավոր երեխաներն իսկապես կարեւոր են մեզ համար: Եթե Հայաստանը տաղանդավոր երաժիշտներ ունենա, որոնք կկարողանան մեր երկիրը ներկայացնել բարձր մակարդակով, ապա դա ավելի կարեւոր կլինի, քան մնացած ամեն ինչ: Հիմնադրամը նոր է սկսել աշխատանքը եւ մեծ ապագա ունի: Ինձ համար կարեւոր է, որ մենք աջակցության ազդակներ եւ դրական էմոցիաներ հաղորդենք երեխաներին, որոնք ինքնամոռաց հավատում են իրենց երաժշտական հաջողությանը, եւ մենք ամեն կերպ կօգնենք նրանց: Հիմնադրամի խնդիրներից մեկն է տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար աջակցության մթնոլորտ ստեղծելը: Որպես երաժիշտ եւ ՀՀ քաղաքացի՝ ինձ համար կարեւոր է, որ համաշխարհային հարթակում հայտնվեն երաժիշտներ, որոնք ներկայացնում են մեր երկիրը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ