Մենք մինչ օրս չենք ստացել շատ հարցերի պատասխաններ: Օրինակ՝ մեծ թվով հարցեր են մնացել, որոնք կապված են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման շրջանում Կառավարության եւ պարետատան գործունեության հետ: Այս մասին հունվարի 25-ին Հայաստանի Կառավարության եւ պարետատան ձեռնարկած՝ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածմանը հակազդելու եւ կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու համար միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետության եւ օրինականության հետաքննության խորհրդարանական քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Օրինակ, նրա խոսքով, մինչեւ հիմա պարզ չէ՝ ինչի վրա են ծախսվել COVID-19-ի դեմ պայքարի ֆոնդին հատկացված միջոցները: «Մենք մինչեւ հիմա չգիտնք, թե ինչու «շտապօգնության» մեքենաները չեն արձագանքել քաղաքացիների կանչերին, ինչու էին նրանք մահանում իրենց տներում, ինչու է առողջապահության նախկին նախարարն իր համար ստեղծել սիրելի բուժհաստատությունների ցուցակ, որոնք էլ հենց ստացել են COVID-19-ի մասով պետպատվերները»,- շեշտեց պատգամավորը:
Այսինքն, ինչպես նշեց Զոհրաբյանը, հանձնաժողովը քննարկումների համար բավականին մեծ օրակարգ ունի, որ վերջապես հասկանանք, թե իշխանություններն ինչու են վարվել այսպես, այլ ոչ այլ կերպ, ինչ բացթողումներ են նրանք ունեցել, ինչի պատճառով Հայաստանը COVID-19-ի զոհերի եւ վարակվածների թվով շարունակում է մնալ առաջատար երկրների ցանկում: