News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 90 վիրավոր զինծառայող, ամբուլատոր հաճախումները մի քանի անգամ գերազանցում են։ Կենտրոնում բուժվող զինծառայողներից մոտ 90-ն ունի պրոթեզավորման կարիք։

«Վերականգնող բուժումն անհատական մոտեցում է պահանջում։ Կախված վիրավորումից համապատասխան թիմ է կազմվում, ծրագիր է մշակվում և իրականացվում։ Հիմնականում բեկորային վնասվածքներ ունեցող տղաներ են, մեզ մոտը 80-90 վիրավոր ենթակա է պրոթեզավորման։

Բոլորի մոտ կա հարց, ներքին կոնֆլիկտ, դաժան պատերազմից դեպի իրականություն վերադառնալու խնդիր, դրա համար տղաների հետ ինտենսիվորեն աշխատում են հոգեբանները՝ անկախ նրանից խնդիր կա թե ոչ, քանի որ խնդիրը կարող է լինել նաև թաքնված»,- NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանը։

19-ամյա զինծառայող Երջանիկ Ստեփանյանը պատերազմի ժամանակ Ջաբրայիլում էր։ Երջանիկը բեկորային վնասվածքներ էր ստացել պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին։

«Վաղ առավոտյան միայն ես և ընկերս էինք արթուն, երբ սկսվեց ռմբակոծությունը։ Հասկացանք, որ զորավարժային ձայներ չէին։ Այդ պահին բոլորս միայն հաղթելու ու շուտ տուն հասնելու մասին էինք մտածում։ Հնարավոր է, որ այլևս ծառայության չվերադառնամ, բայց եթե խաղաղ պայմաններ չլինեն, պատերազմ սկսվի, հաստատ ես և իմ ընկերները պատրաստ ենք վերադառնալու։ Սա մեզ համար երկրորդ կյանք է, և պետք է այդ կյանքը լավ ապրենք»,- ասաց Երջանիկ Ստեփանյանը։

Հրաչյա Մարտիրոսյանը մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին։ Վերականգնողական կենտրոնում նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

«Կռվել ենք Օմարում, պահել ենք թիկունքը, մեր հենակետն ամենաբարդ էր, ես զարմանում եմ, որ մենք այնտեղից ողջ վերադարձել ենք։ Հոկտեմբերի 10-ին մեքենա մոտեցավ օգնություն բերելու, առաջին ռմբակոծության ժամանակ տղաները բեկորային վնասվածքներ ստացան, և բժիշկը հեռացնում էր բեկորները։ Երկրորդի ժամանակ լսեցի ձայնը, ասացի՝ տղաները, բոլորդ խրամատներ։ Բժիշկը չհասցրեց մտնել խրամատ, ես իրեն գցեցի գետնին և ինձ վրա վերցրի հարվածը։ Ունեցանք 2 զոհ, 4 վիրավոր։

Երբ, վերականգնվեցի ես նորից իմ տղաների հետ վերադառնալու եմ դիրքեր։ Հայրենասիրությունն իմ մեջ չի հանգչի մինչև իմ հայրենքիի համար խաղաղություն չգա»,- նշեց գեներալ-մայոր Մարտիրոսյանը։

Տպել
Ամենաշատ