News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո առաջին ծավալուն հարցազրույցն է տվել Մեդիամաքսին։

Նա ասել է, որ իր ամենամեծ բացթողումը եղել է այն, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացի անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։

Ըստ նրա՝ գործող Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի հարցազրույցին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է՝ պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշեց խոսել։ Աշոտյանը հիշեցրել է օրերս Տոնոյանի մտերիմի՝ Պատրոն Դավիթի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, Տոնոյանն էլ, ըստ նրա, նախազգուշացնում է Փաշինյանի՝ եթե իրեն էլ փորձեն ներգրավել այդ գործում, ինքը կսկսի խոսել։ 

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անուն։ Ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմի զոհերի թիվը հասել է 1942-ի: Ի դեպ, առողջապահության նորանշանակ նախարարի տվյալով՝ մինչեւ օրս փորձաքննության է ենթարկվել զոհվածների 3450 մարմին։

Կիրակի Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին ադրբեջանական կողմը փոխանցել է եւս 30 զոհված հայ զինծառայողի մարմին, որոնք  անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: Նոյեմբերի 13-ից մինչև այս տարվա հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն: Որոնումները շարունակվում են: Իսկ Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իրենց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տները:

Ադրբեջանում հայատյացության վստանգավոր բռնկումներին  է արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա մի քանի օրինակներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում՝ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի գրառումներից. «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», գրել է ադրբեջանցի մի փաստաբան։ Թաթոյանը մեջբերել է եւս մի քանի հայատյաց գրառումներ՝ օրինակ՝ «Ես չեմ խղճում հայ երեխայի», «Սրիկա հայերը պետք է վերանան այս մոլորակից», «Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես»։ Թաթոյանը շեշտել է, որ նմանատիպ բառապաշարով գրառումներ են անում ոչ միայն սովորական օգտատերը, այլեւ պաշտոնյաներն ու մշակույթի գործիչները:

Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա: Հիշեցնենք՝ սա վերջին մեկ ամսում թշնամու կողմից  մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է: Ավելի ծանր հետեւանքներից խուսափելու համար հայ վարորդները չեն դիմել ինքնապաշտպանության։

Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեման վերջին օրերին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է։ ԲՀԿ-ից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում այս որոշումը բացատրել է Հայաստանից յուրայիններին հեռացնելու Փաշինյանը ցանկությամբ։ Փաշինյանը մտավախություն ունի, որ նրանք կարող են ենթարկվել իրավական եւ քաղաքական պատասխանատվության։ 

Զոհրաբյանը հիշեցրել է՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Փաշինյանն անընդհատ ասում էր, որ Հայաստանում դեսպանները նշանակվում են ծանոթ-բարեկամ սկզբունքով։  

Մինչ հասարական-փորձագիտական շրջանակներում քննարկում են դիվանագիտական փորձ չունեցող Մակունցին նման կարեւոր երկրում դեսպան նշանակելու որոշումը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը վստահ է, որ Մակունցը կարող է լինել լավ դեսպան։ Դավոյանը, սակայն խուսափել է մեկնաբանություններից, պատճառաբանելով, որ հարցը վերջնական վճռված չէ։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ Լիլիթ Մակունցը եղել է եւ կա ամերիկյան ազդեցության գործակալ:

 «Ըստ նրա՝ Մակունցի հնարավոր նշանակումը փաստում է, որ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ուղիներ, բայց դա Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»,- ընդգծել է Աշոտյանը։

Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է Շաբաթ օրը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի անդամ։ Ընտրությունների հրապարակված լուսանկարներում օգտատերերը նկատել են, որ այդ կառույցի անդամ է նաեւ Սարգիս Քլոյանը, որը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրն է եւ  նրա իրավահաջորդը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հերքել է համացանցում տարածված տեղեկությունը, թե ինքը հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Նա ֆեյսբուքյան լայվում պարզաբանել է՝ ուղղորդված ապատեղեկատվությունն է, որի նպատակն իրենց ընտանիքին վարկաբեկելն է։

Այսօր Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի Արցախում ու Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը եւ տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Մարտի 22-ից ապրիլի 4-ը գարնանային արձակուրդները առաջին դասարանցիները,  մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը արձակուրդ կգնան երկրորդ դասարցիները։ Մյուս դասարանների համար  գանանային արձակուրդներ նախատեսված չեն։

 Տարբեր դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա վերջը տարբեր կլինի։ 12-րդ դասարանցիներ համար այն կավարտվի հունիսի 4-ին։ Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մյուս դասարանները դասերը կավարտեն հունիսի 18-ին:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունից հետո Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկիզբ առած հուզումները շարունակվել են նաեւ հանգստյան օրերին։ Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 4 հազար մարդ: Կան հարյուրավոր ձերբակալվածներ, այդ թվում Նավալնու կինն ու նրա շտաբի համակարգողը։ Ցուցարարները ոստիկանների վրա սառույցի կտորներ են նետել. ընդհանուր առմամբ՝ 39 ուժային է տուժել, ոմանք ունեն լուրջ վնասվածքներ:

41 տարեկանում մահացել է սթենդ-ափ կատակերգու եւ դերասան Ալեքսանդր Շալյապինը։ Ենթադրվում է, որ Շալյապինն ինքնասպանություն է գործել. նրա տնօրենը հայտնել է, որ  սթենդ-ափի աստղը բուժվում էր ալկոհոլից կախվածության դեմ եւ տառապում էր դեպրեսիայով։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 166 հազարից: Մահացել է 10 մարդ, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3800 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով ու կազմել  518.36 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.71 դրամով ու կազմել 629.39 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.26 դրամով ու հասել 708.60 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.88 դրամ:

Հունվարի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-15,  ցերեկը՝ 5-7աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի եղանակ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -12-14, վաղը ցերեկը՝ -1-3:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ