News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի տարածաշրջանային կենտրոնը` Կապանը, 2021 թվականին երիտասարդական միջոցառումների կենտրոն կդառնա: Տարվա երիտասարդական մայրաքաղաք դարձած Կապանում այս տարի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նրա` ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին հաստատվել է, որ «100 գաղափար` ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը կանցկացվի Հայաստանում: Այդ միջոցառումները նախատեսվում է անցկացնել հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Կապանում: «Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կապանի քաղաքապետարանից մեր գործընկերների հետ: 2020-ին Կապանը պետք է երիտասարդական մայրաքաղաք դառնար: Համավարակի եւ պատերազմի պատճառով այս գաղափարը չիրականացվեց, եւ որոշվեց, որ քաղաքը երիտասարդական մայրաքաղաք կդառնա 2021 թվականին»,- ասաց Մարտիրոսյանը:

Տարվա ընթացքում, նշված միջազգային միջոցառումներից բացի, Կապանում նախատեսվում է նշել Կամավորի օրը, ինչպես նաեւ` վերապատրաստման դասընթացներ կազմակերպել երիտասարդ մասնագետների համար: Օգտվելով առիթից` փոխնախարարը երիտասարդական եւ միջազգային կազմակերպություններին կոչ արեց այս տարվա համար ծրագրեր մշակելիս ուշադրություն դարձնել Կապանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ