News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարն է Ղարաբաղում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Մենք պահանջել ենք, պահանջում ենք եւ պահանջելու ենք Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ոչ մի բան չի փոխվել։ Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթից հետո խորհրդարանում գործող չորս խմբակցությունները, բացի «Ազատ հայրենիք»-ից, չորս խմբակցությունները միասին, հորդորել ենք Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, ինչպես նաեւ պահանջել ենք Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ մեկ տարի խորհրդարանն իրավունք չունի պահանջել նախագահի հրաժարականը՝ դա ավելի շատ բարոյական եւ քաղաքական պահանջ էր, որը մնում է ուժի մեջ»,-  ասաց Արթուր Մոսիյանը։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ հրաժարականի պահանջի հիմքում ոչ միայն պարտված ղեկավար լինելն է, այլ նաեւ Արայիկ Հարությունյանի ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը.

«Ես կարող եմ ասել՝ ոչ թե սխալ կադրային քաղաքականություն է վարում, այլ խայտառակ կադրային քաղաքականություն է վարում. յուրայիններին բերում, տեղավորում է պաշտոնի, անգամ օրենքի խախտումներով այն պաշտոններում, որոնք խնդրահարույց են»։

Հարցին՝ արդյոք Արցախի նախագահը պարզաբանում տվե՞լ է այդ նշանակումների առնչությամբ, Արթուր Մոսիյանն ասաց. «Նա պարզաբանելու որեւէ բան չունի, նրա փաստաբանի դերը խորհրդարանում կատարում է իր խմբակցությունը, որն ամեն տեղ խորհրդարանի մակարդակով ասում է՝ մենք մեծամասնություն ենք եւ պատասխանատվություն ենք կրում՝ առանց գիտակցելու՝ ինչ է նշանակում պատասխանատվություն։ Իրական պատասխանատվություն կրելու համար, կարծում եմ՝ դեռ չի սպառվել ժամանակը եւ կկրեն այն։ Ես նախագահի որեւէ խոսքին չեմ հավատում։ Նա ասել է, որ կիսում է Նիկոլի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում՝ առանց ստորակետի, ովքեր դրան դեմ են, մութ ու դավադիր ուժեր են։ Կյանքը ցույց տվեց, թե ով է մութ եւ դավադիր ուժը»։

Անդրադառնալով երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե շատ ավելի ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, Մոսիյանն ասաց. «Դա ինքն ու Նիկոլը թող ասեն, թե ինչ նկատի ունեն՝ երկիրը հանձնելուց հետո ավելի ցավոտ որոշում ասելով»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում փաստորեն հանդես չեկան որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ խմբակցության ղեկավարը նշեց. «Խնդիրը, իմ կարծիքով, այն ծրագիրն է, որը 2,5 տարի առաջ իշխանափոխության գալով Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն իրականացնում է»։

Որպես ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մոսյանն անդրադարձավ նաեւ Արցախում Ներքին գործերի նախարարություն ստեղծելուն. «Մենք հայտնել ենք մեր կարծիքը։ Այդ նախարարության ստեղծումը նպատակահարմար չէ մի շարք առումներով, եւ ասել ենք, որ դրանք իրավիճակային եւ անձնավորված լուծումներ են, որոնք կապ չունեն պետության, պետականության, օպտիմալացման հետ, ինչը ձգտում են ներկայացնել»։

Տպել
Ամենաշատ