News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեծ ջանասիրությամբ, ոգեւորությամբ, հետեւողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել են հասարակությունը սեւ ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ տպավորություն կա, որ Հայաստանի ղեկավարը ձեռնտու է Թուրքիային եւ Ադրբեջանին։

 «Ես ստիպված եմ Ձեր հարցին անուղղակի պատասխանել։ Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետությունը մյուսի դեմ, եթե համարում է, որ այդ պետությունն իր համար սպառնալիք է կամ խանգարում է ինչ-որ բաներում, կարճ ասած՝ թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ. առաջինը՝ պառակտել հասարակությունը։ Անում են դա, եւ մենք պատմությունից բազմաթիվ օրինակներ ունենք՝ նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես էին բոլշեւիկներին ֆինանսավորում Ռուսաստանում հեղափոխություն կազմակերպելու համար։ Երկրորդը` թուլացնել բանակը եւ անվտանգության հետ կապված բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական իստիտուտների նկատմամբ եւ չորրորդը՝ փչացնել հարաբերությունները դաշնակիցների եւ բարեկամ պետությունների հետ։ Հիմա հակառակից գանք, այդ չորս գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը, օգնեք ինձ։ Մեծ ջանասիրությամբ, ոգեւորությամբ, հետեւողականորեն արվել է ամեն ինչ, պառակտել ենք սեւ ու սպիտակի, հարուստի-աղքատի, ռուսամետ-հակառուս բաժանարար գծեր ենք մտցրել մեր հասարակության մեջ, քայքայել ենք բանակը, սկսել ենք դա «Մարտի 1-ի» քրեական գործով, գեներալ-գնդապետների մեղադրանքներով, բազմաթիվ այլ ճանապարհներով փորձել ենք վարկաբեկել մարտական ուղի անցած մեր հերոսներին, անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, ՀԴՄ կտրոններ ստուգել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում»,-ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով` մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետեւ այդ համակարգում, որտեղ աշխատում են նորմալ մարդիկ, հանձնարարված էր սատանա փնտրել եւ փնտրում էին։

«Հիշում եք՝ կառավարության նիստում այդ հայտնի արտահայտությունները։ Անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ․ չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը ոչ միայն այս 44 օրվա ստերի մասին է, այլ մոտ 3 տարվա ստերի։ Այս ամբողջ դասական փաթեթն իրականացվել է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, որ այս իշխանությունները թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան․ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում, պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով ինչ-որ քայլեր էին արվում, դա մեծ հարց է, եւ դա եւս պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ