News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սա մյուս խայտառակությունն է, որ մենք այսօր ունենք։ Այս մասին, պատասխանելով հայ ռազմագերիների մասին հարցին, 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ռազմագերիների խնդրին։

«Համոզված եմ, որ առանց գերիների հարցի լուծման՝ մենք որեւէ շփում պետք է չունենանք։ Դա պետք է լինի նախապայման բոլոր մյուս քայլերն անելու համար։ Այդպիսի մի հարյուր «ինչու» կա, թե ինչու չեն գնում այդպիսի քայլերի, որոնց պատասխանը մենք չունենք։ Ժողովրդական լեզվով ասած՝ բոլոր ատամները քաշած իշխանություն ունենք, ատամ չկա։ Հիմա, ինչ է նշանակում պետական գաղտնիք։ Եվս մեկ հարց է առաջանում՝ ումի՞ց, կարո՞ղ է Ադրբեջանը չգիտի՝ ինչքան գերի ունի։ Մեր ժողովրդի՞ց։ Ընդհանրապես, պետական գաղտնիք համարվում է այն ինֆորմացիան, այն թվերը, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից պետք են մեր թշնամիներին։ Հիմա այդ թիվը մեր թշնամին մեզանից լավ գիտի։ Ումի՞ց ես թաքցնում։ Պետական գաղտնիքի գաղափարը գլխիվայր շուռ են տվել։

Սա այն հարցն է, որի շուրջ մենք աջակցություն կարող ենք ունենալ բոլորից։ Սկզբունքային լինելու դեպքում ոչ մեկը մեզ չի կարող ասել, թե ինչու ես այդպես անում։ Սկզբունքային հարց է, պետք է վերադարձնել։ Եռակողմ հանդիպումը, ընդհանրապես նման կարգի հանդիպումները նախապես պատրաստվում են։ Թող այդ եռակողմ հանդիպումը լիներ 3 օր ուշ, մեկ շաբաթ ուշ, մեկ ամիս ուշ։ Մինչեւ եռակողմ հանդիպումը կամ այդ հանդիպման ժամանակ գերիների հարցը պետք է լուծված լիներ։ Այս մարդիկ այն աստիճան են ծնկի իջած վիճակում, որ չեն կարողանում խոսել, չեն կարողանում պայքարել գերիների համար, մեր ազգային, պետական շահերի համար։ Ու չեն կարող պայքարել։ Հոգեբանորեն այդ կարգավիճակում չեն նրանք։ Հիմա նրանք խնդրելու են, թե տվեք գերիներին, թե չէ այստեղ ռեւանշիստական ուժերը․․․ Նույնիսկ կարող են իմ գործոնն օգտագործել, ասել՝ տուր գերիներին, որ Քոչարյանը այդ մասին չխոսի։

Շրիշակից ցածր վիճակում ենք հայտնվել։ Եթե մեր ժողովուրդը դա հանդուրժում է, ուրեմն մենք արժանի ենք այս վիճակին։ Ինչո՞ւ Ադրբեջանը գերիներին չի տալիս. ուզում է կասեցնել Արցախի բանակի համալրումը։ Ասում է՝ ով հայտնվել է այնտեղ նոյեմբերի 9-ից հետո ռազմագերու կարգավիճակ չի կարող ունենալ։ Ինչո՞ւ է դա ասում․ գերիներին պահելն անշնորհակալ գործ է։ Ես Արցախի նախագահ եմ եղել, բազմաթիվ գերիներ ենք ունեցել։ Կարմիր խաչով վերադարձրել ենք, որովհետեւ, երբ դու գերի ես պահում, մշտական ճնշման տակ ես լինում։ Ես համոզված եմ, որ Ալիեւը մշտական ճնշման տակ է գերիների հարցով։ Ինքը պահում է շատ կոնկրետ նպատակով․ այդ գործիքը պահում է Արցախի պետական համակարգի բեկորները քայքայելու համար։ Գերիներին հանձնելուց հետո էլի են վերցնելու, մինչեւ այստեղից վստահեցում չստանան, որ Հայաստանից որեւէ զինվորական Արցախ չեն ուղարկելու։ Գինը դա է լինելու, եւ մեր իշխանությունը դրան գնալու է, որովհետեւ իրենց քթից բռնած տանում-բերում են», նշել է Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ