News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավորներ, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները:

Միջոցառման սկզբում հնչեց տերունական աղոթքը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետեւ ներկաներին ողջունեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Վերջինս ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով իրականացնել զոհվածների պատգամն ու զարգացնել հայրենիքը:

Այնուհետեւ պարոն Մինասյանը հյուրերին ներկայացրեց Վահագն Թումասյանի կենսագրությունն ու անցած ուղին. «Վահագն Թումասյանը Պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, որն իր կարճատեւ կյանքի ընթացքում աչքի է ընկել ինչպես կատարած զինվորական սխրագործություններով, այնպես էլ ակադեմիական նվաճումներով»:

2019 թվականին Վահագն Թումասյանն ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ Հայաստանի եւ հարակից երկրների պատմության մասնագիտությամբ: Նա փայլուն տիրապետում էր թուրքերենին եւ ադրբեջաներենին, ակտիվ մասնակցում այդ լեզուների ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին:

Էդիկ Մինասյանի խոսքով, պատահական չէ, որ լսարանը հենց Վահագն Թումասյանի անունն է կրում, քանի որ հերոսն այս լսարանի ներկա ու ապագա ուսանողներին ոգեւորելու է ինչպես իր հայրենասիրական անմահ ոգով, այնպես էլ կրթության նկատմամբ տածած անհագ սիրով. «Այսպիսի լսարանում կրթված ուսանողներն ունենալու են այն նույն ոգին ու հայրենասիրությունը, որոնք ունեին Վահագնն ու իր ընկերները, եւ շարունակելու են նրանց կիսատ թողած գործը»:

Լինելով մտավորականի զավակ՝ Վահագն Թումասյանը կյանքի փայլուն ուղի է անցել եւ հերոսաբար զոհվել: Ելույթի վերջում Էդիկ Մինասյանը նշեց, որ ֆակուլտետը երբեք չի մոռանա նաեւ ֆակուլտետի մյուս զոհված հերոսներին, որոնց անուններն ու լուսանկարները Վահագն Թումասյանի անվան կողքին են:

Ելույթով հանդես եկավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վահագն Թումասյանին անձամբ ճանաչելու բախտ է ունեցել՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի եւ ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում. «Այդ ծրագրի շրջանակում նա իրեն դրսեւորել է ոչ միայն որպես փայլուն ուսանող, այլեւ հիանալի կազմակերպիչ, որը հնարավոր ամեն ինչ արել է՝ կրթական ծրագիրն ավելի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար»:

Դեկանի խոսքով, Վահագն Թումասյանը հայրենասիրության քայլող օրինակ էր, հայ սպային ընդօրինակելու արժանի դասական կերպար:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Վահագնի հայրը՝ Արամ Թումասյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Պատմության ֆակուլտետի ղեկավարությանը՝ լսարանը որդու անունով կոչելու նախաձեռնության համար, ապա պատմեց որդու կարճ կյանքի հետաքրքրական դրվագներից մի քանիսը. «Վահագնը մեր ընտանիքի ազնվազարմ շառավիղներից էր, մեր հպարտությունը, որը կատարեց իր պարտքը հայրենիքի առջեւ՝ հանուն իր գործի մնայունության»:

Հիշելով որդուն՝ Արամ Թումասյանը նշեց, որ որպես հետախույզ՝ որդին գաղտնապահ ու գործին նվիրված մարդ էր, շատ բան գիտեր հայի ու հայրենիքի մասին, բայց խստորեն հետեւում էր հետախույզի գաղտնապահությանը:

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկան նաեւ հերոսի մտերիմներն ու հարազատները: Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թշնամու հրթիռակոծության հետեւանքով, հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ