Արդեն չորրորդ օրն է, որ վերանորոգման ծառայությունները ոչ մի կերպ «չեն կարողանում հասնել» Երեւանի Մալաթիա շրջանի Անդրանիկի փողոցի մեջտեղում խորը բացված ահռելի փոսին:
Փոսը բացվելու առաջին ժամերին, ամենայն հավանականությամբ, հողը նստել է առատ տեղումների հետեւանքով. մի քանի մեքենաներ արդեն հասցրել են ընկնել փոսի մեջ: Ո՞վ եւ ի՞նչ միջոցներով է նորոգելու մեքենաները՝ առանձին հարց է, բայց կարծում եմ, որ մայրաքաղաքային իշխանությունների մեղքն ակնհայտ է:
Օրեր շարունակ փոսը «պատնեշել» են քաղաքացիների դրած տուփերով, հետո հայտնվել է ճանապարհային նշան, չգիտես ինչու՝ միայն մի կողմից: Հակառակ կողմից նշանի դերում հանդես է գալիս արմատուրան:
Փոս ընկած հատվածը գտնվում է ուղեմասի ճիշտ մեջտեղում: Արդյունքում առավել անհամբեր վարորդները խոչընդոտը շրջանցում են հանդիպակաց ուղեմասով, ինչը հղի է ճանապարհային լուրջ պատահարով:
Եվս մեկ փոս ընկած հատված տեղակայված է նույն փողոցում, մեկ կանգառ ներքեւ: Քանի որ այն պակաս խորն է, նախազգուշացնող նշաններ ընդհանրապես չկան:
Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է, որ այս շրջանում իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում ճանապարհների վիճակը: Դեռեւս ամռանը Բաբաջանյան փողոցում սկսված մեծածավալ շինարարությունը մինչեւ հիմա ոչ միայն չի ավարտվել, այլեւ ընդհանրապես պարզ չէ, թե դա երբ տեղի կունենա: Մալաթիա շրջանի կարեւորագույն ճանապարհներից մեկը վերածվել է մայթերից զուրկ նեղ միակողմանի փողոցի, հիմնական երթեւեկությունը վերաուղղորդվել է Անդրանիկի փողոց, որտեղ վերջին ամիսներին առանց «խորխորատի» էլ երթեւեկությունը դժվարացել էր: Իսկ հիմա շրջանի երկու հիմնական փողոցների վիճակը կոլապսին մոտ վիճակում է:
.jpg)











