Հայկական բանակի զինծառայողը լայվ է մտել եւ ներկայացրել սահմանապահների համար ստեղծված անմխիթար պայմանները։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հիմա սահմանին ենք եւ որոշել ենք լայվ մտնել ու ցույց տալ, թե ինչ պայմաններում է բանակը պոստ պահում: Ռուսը, որ ընդամենը մի շաբաթվա մեջ կարողացավ իր համար խոշոր կազարմաներ սարքել, մենք մեր հողի մեջ տեսեք ինչ պայմաններում ենք ապրում: Կառավարության որոշ անդամներ գնում են Մոսկվայի էլիտար ռեստորաններում մի հատ ուտելիքի վրա 5 հազար դոլար են ծախսում գալիս, իսկ այսօր մեր զինվորը այս պայմաններում է»:

Զինծառայողն ուղիղ եթերում ցուցադրել է, որ քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ։ Վրանն էլ քամուց չէր կարողանում պաշտպանել զինվորներին, որոնցից ոմանք «կուչ» էին եկել գետնին՝ փոքր ինչ հանգստանալու։ Եվ սա այն դեպքում, երբ թշնամին արդեն ամուր դիրքեր է կառուցել հայկական հողերի վրա, ռուսական խաղաղապահների համար էլ մի քանի օրում կառուցում են մոդուլ-քաղաքներ։

«Խնդիրը մեր հրամանատարության մեջ չի, իրենք ինչ կարողանում, անում են մեր համար: Այնպես չի, որ սպաները 5-աստղանի հյուրանոցում են մնում, մեզ էլ այս պայմաններում են պահում: Իրենք էլ մեզ նման գետնին են քնում: Եթե հանկարծ անօդաչուներով հարվածեն, ոչ մի ձեւի ոչ կենդանի մնալու ձեւ ունես, ոչ էլ փախչելու: Գլխիդ վերեւը շոր է: Իսկ էս տղերքը պատերազմի ժամանակ մի մերտր անգամ հետ չեն գնացել, մինչեւ վերջ կանգնել են իրենց դիրքերում: իսկ այսօր այս պայմաններում են ապրում: Ամոթ է»,-ասել է նա:

Նա հավելեց. «Եթե դպրոցների վրա խնայես, բանտեր կունենաս, եթե բանակի վրա խնայես, գերեզմաններ կունենա: Բանակի վրա չպետք է խնայես: Կարող ես խնայել ոստիկանության վրա, չնայած ես չեմ տեսել նման բան: Ոստիկանությունն այսօր ավելի շատ հնարավորություններ ունի, որովհետեւ էդ ոստիկանին հանում կանգնեցնում եք ժողովրդի դեմ: Թող մի քիչ իրենց պարգեւավճարներից կտրեն, տան բանակին: Մեզ էդ փողը պետք չի, թող մեզ չտան: Թող էդ փողով բլինդաժ, խրամատ սարքեն: Այնպիսի բան սարքեն, որ քամին չտա մեր դրոշակի պոկի: Չմտածենք, որ քամին վրանը պոկելու է, քշի, տանի: Նման տարրական բաներ ենք ուզում»,-ասաց նա:

Զինվորականը նշեց, որ ՀՀ դիրքերը պաշտպանող զինվորները, հրամանատարական կազմը եւս ստիպված են վատ պայմաններում իրականացնել ծառայությունը, չնայած փորձում են ամեն կերպ զինվորականների համար ինքնուրույն պայմաններ ստեղծել։