News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են 2000 տարվա մումիաներ՝ բերանում ոսկե լեզուներով: Ալեքսանդրիայի Տապոսիրիս Մագնա տաճարում աշխատող հնէաբանների խումբը հունական եւ հռոմեական դարաշրջանում հայտնի ժայռափոր դամբարաններում 16 գերեզման է հայտնաբերել, հաղորդում է BBC-ն:

Ենթադրվում է, որ մահացածներին լեզուների տեսքով ոսկե փայլաթիթեղից ամուլետներ էին տալիս, որպեսզի նրանք հանդերձյալ կյանքում կարողանային խոսել Օսիրիս աստծո դատաստանի առջեւ: Հին եգիպտացիները հավատում էին, որ Օսիրիսը ստորգետնյա աշխարհի տիրակալն է եւ մահացածների դատավորը:

Աստծուն պատկերում էին նաեւ ոսկեզօծ զարդերով՝ գիպսի, վուշի եւ սոսնձի շերտերով պատված տուփի վրա, որը մասամբ ծածկում էր մումիաներից մեկը, ասում է Սանտո Դոմինգոյի համալսարանի գլխավոր հնագետ Քեթլին Մարտինեսը:

Նա հավելել է, որ ստվարաթղթե տուփի երկրորդ մումիայի գլխի շուրջ ոսկեզօծ զարդերը պատկերում են թագ, եղջյուրներ եւ կոբրա:

Ալեքսանդրիայի Հնությունների վարչության գլխավոր տնօրեն Խալեդ Աբո Էլ Համդը ասել է, որ Տապոսիրիս Մագնայում հնագիտական առաքելությունը գտել է նաեւ կնոջ թաղված դիմակ, ոսկե ծաղկեպսակ եւ հունական ու հռոմեական դարաշրջանների ութ մարմարե դիմակներ:

Հնությունների նախարարությունը հայտնել է, որ տաճարում նախկինում հայտնաբերվել են մի քանի մետաղադրամներ՝ Կլեոպատրա VII թագուհու անունով եւ դիմանկարով:

Կլեոպատրա VII- ը Պտղոմեոսյան տոհմի վերջին թագուհին էր, որը Եգիպտոսը ղեկավարել է մ.թ.ա. 51-30 թթ․: Նրա մահից հետո Եգիպտոսն ընկել է հռոմեական տիրապետության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ