News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը բացի նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններից արդյոք ունե՞ն ստորագրած համաձայնագիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորն իր հարցում, մասնավորապես, նշեց.

«Նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստից հետո առկա են որոշակի անորոշություններ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ստացել են նոր 520 կմ երկարությամբ հատված, ուզում էի հասկանալ Կառավարության տեսլականը՝ այս հատվածում մենք ունենալու այնպիսի շփման գիծ, ինչը Նոյեմբերյանի, Տավուշի շրջանում է եղել, թե՞ ունենալու ենք այլ տրամաբանությամբ կառուցված սահման, ինչը կա օրինակ՝ Թուրքիայի հետ։

Փոխվարչապետն անցած հարցուպատասխանների ժամանակ մեզ հավաստիացրել է, որ Արդրբեջանի Հանրապետության հետ որեւիցե փաստաթուղթ չկա ստորագրված, սակայն երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակեց ինչ-որ հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի կոորդինատներ, սկզբունքներ, սահմաններ։ Ի՞նչ հուշագրի մասին է խոսքը, արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը բացառությամբ նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններին, ունի որեւիցե ստորագրած փաստաթուղթ»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ պատգամավորի այդ հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսեն. «Ցավոք սրտի, այս ամբիոնից չենք կարոն նման հարցեր քննարկել։ Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, սահմանապահ զորքերն են Սյունիքում հսկում սահմանները՝ եւ՛ մեր, եւ՛ ադրբեջանական կողմից։ Եկեք նմանատիպ քննարկումները հանրայնորեն չանենք։ Եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում եւ նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ՝ համապատասխան հանձնաժողովներում կարող եք հանդիպումներ, լսումներ անցկացնել, հրավիրել ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ ներկայացուցիչներին, ԱԱԾ ներկայացուցիչներին եւ տեղեկանալ մանրամասներին»։

Սիմոնյանի դիտարկմամբ՝ կարող է համաձայնագրի բովանդակային մասը գաղտնի մնալ, բայց հարց է՝ կա՞ այդպիսի համաձայնագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության, թե՞ ոչ։

«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- պատասխանեց Ավինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ