News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չի կարելի հանգիստ նայել հայ պաշտոնյաների հնչեցրած նման արտահայտություններին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանի՝ «նժդեհական գաղափարախոսությունը ինքը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է» մտքին։

«Գարեգին Նժդեհի գիրքը մենք պետք է ունենանք որպես երկրորդ Աստվածաշունչ մեր սեղանների վրա։ Անպայման յուրաքանչյուր երեխա պետք է դաստիարակվի Գարեգին Նժդեհի գաղափարներով։ Գարեգին Նժդեհը բացառվում է, որ որպես ֆաշիստ ընկալվի։ Ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ– որ մի ֆաշիստական ակնարկով։ Այդ մարդը կարողացավ մղել, կազմակերպել հայ ժողովրդին ազգային  ազատագրական պայքարը և ազատագրել Սյունիքը։ Եթե համապատասխան պայմաններ, աջակցություն, հարմար իրավիճակ լիներ, միգուցե Արցախն ու Նախիջևանն էլ ազատագրվեին, և մենք կունենայինք մեր պատմական տարածքները»,– ասաց նա։

Նշենք, որ Նժդեհին ֆաշիզմի հետ ասոսացնելու մասին ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանն ասել էր տարիներ առաջ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում հարցազրույցի ժամանակ։ Տեսանյութը փետրվարի 11–ին իր ֆեյսբուքյան էջում էր հրապարակել «Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» կազմակերպության նախագահ Տիգրան Հարությունյանը։

«Նժդեհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նժդեհյան գաղափարախոսությունը իրականում շատ վտանգավոր է մեզ՝ 21–րդ դարի հասարակության համար, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա»–հարցազրույցի ժամանակ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Անվանի թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանն էլ նշեց՝ լուրեր կան Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, և որ ադրբեջանցիները ռուս խաղապահներին ասել են, որ այդ արձանը ճնշում է իրենց։ 

«Արձանը պետք է ապամոնտաժվի, և ինչքան հասկացա պիտի տեղադրվի քաղաքի ավելի  խորը մասում, եթե չեմ սխալվում Ազգագրական թանգարանի բակում։ Որոշում է կայացվել, որ տեղադրվի ինչ–որ մի թաքուն տեղ, որ դրսից չերևա»– ասաց Թալալյանը։

Այս լուրերի առնչությամբ Աննա Մայիլյանը նկատեց. «Նույնիսկ արձանն է վախեցնում, այ թե ինչ հզոր զորավար ենք ունեցել»։

Նշենք, որ ըստ տարածված լուրերի, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տեղադրված արձանը, որի պաշտոնական բացումը դեռ չի եղել: Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նման հարց չի քննարկվում։ «Արձանը դեռ ավարտած չէ, վերջնական տեսքի բերված չէ, ինքնագլուխ եսիմ ով գնացել է, արձանը բացել է ու նման խոսակցություններ են տարածվում, այս թեմայով մենք նաեւ հայտարարություն կտարածենք»,-ասել է նա:

Տպել
Ամենաշատ