News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը եւ անդամներ Գագիկ Բաղունցն ու Մետաքսե Հակոբյանը շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարել մասին օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկում են ռուսերենը եւս դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզու։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքների նախագծերի փաթեթը հիմնականում կազմվել է հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր  Արամ Հարությունյանի կողմից։

«Ինձ առաջարկել են նայել փոփոխությունները, ես ասել եմ, որ չլինելով սահմանադրագրետ, գիտեմ, որ հակասություն կա, որովհետեւ մեր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Արցախի Հանրապետության պետական  լեզուն հայերենն է, այնուհետեւ «Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»,- ասաց Հակոբյանն՝ ընդգծելով, որ ինքն այնուհետեւ  բանավոր առաջարկով է հանդես եկել, սակայն, օրինագծերի նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել առանց իր առաջարկը քննարկելու։

«Արդարություն» խմբակցության պատգամավորն, ապա առաջարկել է հանել իր անունը որպես փաթեթի համահեղինակ, քանի որ ինքը չի կիսում այդ տարբերակով ներկայացված փաթեթը, բայց հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել լսել նրա առաջարկը։ Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ իր գրավոր ներկայացված առաջարկով խախտում չի լինելու օրենքի եւ Սահմանադրության հետ։

«Միանշանակ  ռուսերենը չի հավասարեցվելու հայերենին՝ որպես պաշտոնական լեզու։ Եվ որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կստորադասվի հայոց լեզուն։ Դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը, մեր հայացքները: Մեզ երբեմն մեղադրում են ազգայնամոլ լինելու մեջ, բայց մենք ազգայնամետ ենք եւ մեր մոտ ամեն ինչ կառուցվում է ազգային գաղափարախոսության շուրջ, հետեւաբար մեզ մոտ չի կարող հայոց լեզուն ստորադասվել կամ էլ հավասարացվել այլ լեզվի հետ»,- ասաց Հակոբյանը, ապա ներկայացրեց իր գրավոր առաջարկը, որի համաձայն՝ «Լեզվի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը պետք է խմբագրել հետեւյալ կերպ․

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաեւ ռուսերենը»։

Եթե  Մետաքսե Հակոբյանի ներկայացրած առաջարկը չընդունվի,  ապա իր անունը կհանվի փաթեթի համահեղինակների ցանկից։

«Իմ անունը դուրս կգա այդ ցանկից եւ այդ օրենքի առաջին քննադատողը ես կլինեմ։ Գիտեք, այս իրավիճակում, որ հայտնվել է արցախցին, այսօր որեւէ մեկն իրավունք չունի պոպուլիզմ, ձեւականություն եւ պաթոս կիրառել, մենք ռեալ պետք է գիտակցենք իրավիճակը, որում հայտնվել ենք։ Այս պահին, երբ ես քայլում եմ Արցախում, երեխաս դպրոց է գնում եւ իրեն անվտանգ է զգում, չպետք է նաեւ ստորադասենք ռուսական կողմի դերը: Այսօր դա իրականացնում է մեր Պաշտպանության բանակը, արցախցին եւ ռուսական կողմը։ Հայաստանյան իշխանություններն այսօր ձեռք են քաշել եւ բացարձակ իրենց չի հետաքրքրում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի ավտանգությունը։ Դուք այսօր տեսնում եք Արցախի, Սյունիքի վիճակը, մենք այսօր ամեն մեկս մեր գլխի ճարն ենք տեսնում, յուրաքանչյուրս դառնում ենք զինվոր եւ պաշտպանում մեր երկրի անվտանգությունը»,- նշեց նա։

«Արդարություն» խմբակցության պատգամավորը անդրադառնալով հարցին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար նման փոփոխություններ կատարելու, պարզաբանում է․

«ՀՀ իշխանությունները մեզ դրեցին այն վիճակում, որ մենք ելնելով իրավիճակից պետք է առնչվենք ռուս խաղաղապահների եւ նրանց ղեկավարության հետ։ Բնականաբար, դա արվում է փաստաթղթերի միջոցով, որտեղ դրվում է նաեւ մեր ստորագրությունը։ Համաձայն մեր  Սահմանադրության եւ «Լեզվի մասին» օրենքի՝ մենք պետք է ռուսներին ուղարկենք հայերենով, այստեղ առաջանում է թարգմանության հարց, եւ ես ինչո՞վ վստահ լինեմ, որ իմ գրած հայերեն տեքստը ճիշտ կթարգմանվի ռուսերեն եւ չի  աղաղաղվի, որտեղ չի լինելու իմ ստորագրությունը, այլ միայն հայերենի տակ է լինելու: Որպեսզի մենք խուսափենք հետագայում այդ տեսակ խնդիրներից, մենք պետք է այնպիսի շտկում անենք, որ կարողանանք որպես այդպիսին ռուսերեն փաստաթուղթ գրել եւ տակը դնել մեր ստորագրությունը եւ պարտադիր դրա հետ կցել հայերեն տարբերակը, որի տակ կլինի նաեւ մեր ստորագրությունը»։

Նշենք նաեւ, որ շրջանառության մեջ դրված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով կխրախուսվի նաեւ հայերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն եւ ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելով, Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «օտար լեզուներով» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ռուսաց լեզվով)» բառերը։ Այսինքն՝ օտար լեզուներով (բացառությամբ ռուսաց լեզվով) հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) պետք է հեռարձակվեն հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:

«Օտար լեզուների ցանկից հանում ենք ռուսերենը՝ ելնելով անհրաժեշտությունից, մենք տարբերակ չունենք։ Եվ դա, ցավոք, մեր ընտրությունը չէ, մեզ այդ վիճակում են դրել եւ այդ վիճակում են մեզ դրել այն մարդիկ, որոնք այսօր վստահ եմ առաջինն են քարկոծելու Արցախի Հանրապետությանը այս դիրքորոշումը ընդունելու համար»,- նկատեց արցախցի պատգամավորը։

Մետաքսե Հակոբյանի դիրքորոշումը կիսում են նաեւ «Արդարություն» խմբակցության մյուս երկու գործընկերները։

Այնուամենայնիվ, Հակոբյանը նշեց, որ  եթե իր առաջարկությունը չընդունվի,  ինքը համոզված է, որ օրինագծերի փաթեթն ընդունվելու է Ազգային ժողովի կողմից։

«Սկսած մայիսից բոլորը տեսնում են, որ  «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը եւ իրենց արբանյակ դարձած «Միասնական հայրենիք» խմբակցությունը կողմ են քվեարկում իշխանական ցանկացած որոշման, արդյունքում մնում են «Արդարություն», ՀՅԴ եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները, որոնց ընդհանուր ձայնը 8-ն է»,- հավելեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ