News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթերից զրկված Հ2 ալիքն իր իրավունքների վերականգնման համար կդիմի օրենքով թույլատրելի բոլոր քայլերին: Այս մասին փետրվարի 19-ին մամուլի ասուլիսում ասաց ալիքի փոխտնօրեն Լեւոն Սուլթանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ հեռուստաալիքը, որը հայրենական եթերում աշխատել է ավելի քան 20 տարի, մրցույթի արդյունքներով հեռարձակումից զրկվել էր: Սուլթանյանը որոշումը գնահատում է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ եւ հարված խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց հարձակումները ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի վրա եւ ընդհանրապես տեղի ունեցողը համարեց քայլեր՝ ուղղված հեռուստաալիքը լռեցնելուն:

Բացի որոշման քաղաքական ենթատեքստից, Լեւոն Սուլթանյանը մատնանշեց մի շարք ուղղակի խախտումներ: «Հիմա հանձնաժողովը փորձում է ամեն ինչ ներկայացնել որպես մրցույթի արդյունք: Այսինքն՝ սովորական գործընթաց է, ընկերությունը չի համապատասխանել պահանջներին: Մինչդեռ իրականությունն այլ հարթությունում է: Հայաստանի օրենսդրությունը եւ ՄԻԵԴ դիրքորոշումը հանձնաժողովից ուղիղ պահանջում են, որ նրա որոշումները հիմնավորված լինեն»,- շեշտեց Սուլթանյանը: Նա իրավիճակը համեմատեց ինստիտուտ ընդունվելու հետ: «Միայն այն, որ դիմորդներն ավելի շատ են, քան տեղերը, եւ մեկն ավելի շատ միավորներ է ստացել, դեռեւս հիմնավորում չէ: Պետք է հիմնավորել, թե ինչու է ամեն մեկն այդքան ստացել: Մրցույթի բոլոր չափորոշիչներով: Այս պահանջը գոյություն ունի այն պատճառով, որ բացառվեն կամայական որոշումները, եւ մասնակիցն ինքը հասկանա ու ուղղվի: Մյուս խնդիրն այն է, որ մրցույթի պահանջները պետք է հասկանալի լինեն. այսինքն՝ իմանալ, թե ինչ քննություն է հանձնվելու, եւ ինչպես են գնահատելու»,- համեմատությունը շարունակեց Սուլթանյանը:

Նա հիշեցրեց, որ որոշումը հրապարակելուց հետո հանձնաժողովին ղեկավար Տիգրան Հակոբյանը մի քանի հարցազրույց է տվել, որոնցից պարզ է դառնում, որ հանձնաժողովը հաշվի է առել ավելի քան 100 չափորոշիչներ՝ այն դեպքում, երբ օրենքը նշում է 7-ի մասին, իսկ հանձնաժողովն ընդհանրապես նշել էր 6: Հակոբյանը նույնիսկ պնդում է, որ որոշները մասնակիցներին հայտնի չէին: Սա մրցույթի կանխատեսելիության ուղղակի խախտում է: «ՄԻԵԴ-ը դեռեւս 2008 թվականին ընդունել էր նախադեպային որոշում, որն առնչվում էր А1+ ալիքին: Դրանում նույն հանձնաժողովի սխալներն էին նշված: Հատկապես, որ իր որոշումը չի հիմնավորել: Երբ ընդունվում էր А1+-ի վերաբերյալ որոշումը, մեր օրենսդրությունը նման պահանջ չուներ: ՄԻԵԴ որոշումից հետո այն մտցվեց եւ հիմա անտեսվել է»,- նշեց Լեւոն Սուլթանյանը:

Նրա խոսքով՝ հարցազրույցից հետո ալիքի աշխատակիցների եւ սեփականատերերի մոտ սուբյեկտիվ մոտեցման հիմնավոր կասկած է առաջացել: Առավել եւս, այն հանգամանքը, որ ալիքը ցանկանում էր համահանրապետական հեռարձակում ստանալ, ներկայացվել է որպես «ամբարտավանություն», չնայած Տիգրան Հակոբյանը գիտեր ալիքի դիրքորոշումն ու պատճառները, թե ինչու էր ձգտում ստանալ հանրապետական, այլ ոչ քաղաքային հեռարձակում: Սուլթանյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Հակոբյանը բացասական լույսի ներքո է մեկնաբանում երկու վարչական վարույթով ալիքի դատարան դիմելը եւ դատարանների կողմից հայցվորի օգտին որոշումների ընդունումը:

Սուլթանյանը պարզաբանեց այն պատճառները, թե ինչու էր ալիքը ցանկանում հանրապետական հեռարձակում ստանալ: Առաջին՝ երկու տասնամյակ աշատել է այդ հեռարձակմամբ, այսինքն՝ իր արտադրանքն ուղղված է հանրապետական պահանջարկին, իսկ ծրագիրը կազմված է հեռարձակման լայնությանը համապատասխան, երկրորդ՝ քաղաքային մրցույթին մասնակցությունը կնվազեցներ գործընկերների հնարավորությունները: Ընդ որում՝ Սուլթանյանը հատուկ շեշտեց հանրապետական հեռարձակումը որպես «ավելի լավ», իսկ քաղաքայինը «ավելի վատ» գնահատելու փորձերին անհամաձայնությունը:

Հանձնաժողովի այդ մոտեցումը պարզապես վիրավորական է, նկատեց նա:

Սուլթանյանը վստահ է, որ անկախ հեռուստատեսությունը, անկախ լրատվամիջոցները սպառնալիք են քաղաքական ղեկավարության համար, քանի որ նրանց հետ անհնար է պայմանավորվել: Շատերը դա իրենց վրա զգացել են տարբեր ժամանակներում, առավել եւս, որ խոսքը հանրապետական հեռարձակման լրատվամիջոցների մասին է: Նա վստահեցրեց, որ հեռուստաալիքը կպայքարի, եւ արդեն դիմել է դատարան: «Ես անձամբ ճիշտ եմ համարում խնդրի իրավական լուծումը: Նույնիսկ եթե վաղը քաղաքական որոշումը փոխվի, եւ մենք վերադառնանք եթեր, դա կարող է կրկնվել մեր գործընկերների հետ, իսկ մենք ցանկանում ենք իրավական հիմքեր ստեղծել: Քաղաքական ճանապարհով նման հարցերի լուծումը չի լուծի խնդիրն ընդհանուր առմամբ: Սակայն օրենքով չարգելված ցանկացած քայլի իրավունք ենք վերապահում»,- հայտնեց Սուլթանյանը:

Ինչ վերաբերում է դեռեւս ազատ քաղաքային հեռարձակման ալիքի մրցույթին մասնակցելու հնարավորությանը, Հ2-ը այն չի դիտարկել, սակայն չի բացառում: Ընդ որում, եթե նույնիսկ հեռուստաալիքը հաղթի այդ մրցույթում, չի պատրաստվում հրաժարվել հանրապետական հեռարձակման համար պայքարից:

Լեւոն Սուլթանյանն անհրաժեշտ համարեց պարզաբանել երկու հարց: Առաջինը վերաբերում է իրավիճակի աննախադեպությանը: «Աննախադեպ է այն պատճառով, որ Ա1+-ը (իր ժամանակին զրկվել է եթերից նմանատիպ հանգամանքների պատճառով - խմբ.) հանրապետական հեռարձակման ալիք չի եղել»,- պարզաբանեց նա: Երկրորդը վերաբերում է նախկինում «Պրոմեթեւս» անվանվող եւ այլ սեփականատիրոջ պատկանող Հ2-ի հայտարարությանը՝ կապված Ա1+-ի իրավիճակի հետ, որում ասվում է, որ ալիքը խոսքի ազատության սպառնալիք չի տեսնում: «Մենք ասում ենք, որ դա հարված է խոսքի ազատությանը, եւ եթե այսպես շարունակվի, իսկ մենք չարձագանքենք, ապա խոսքի ազատությունն իսկապես կանհետանա: Սակայն մենք դեռ այստեղ ենք եւ քննարկում ենք խնդիրը, որը կա»,- հայտարարեց Սուլթանյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ազդել որոշումն ալիքի աշխատանքի վրա՝ Սուլթանյանը վստահեցրեց, որ անձնակազմը շարունակում է աշխատել բնականոն հունով եւ մտադիր է այդպես շարունակել: Այնուամենայնիվ, Սուլթանյանի խոսքով, լրատվամիջոցների վրա ճնշում կա: Նրա խոսքով՝ իրավիճակը խոսում է այն մասին, որ տեղի ունեցածը միայն սկիզբն է, եւ եթե չվերացվի նախադեպը, այն կդառնա մահակ մյուսների համար:

Իր հերթին, ալիքի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը հայտնեց, որ ամռանը հեռուստադիտողին թարմացված եթեր է սպասվում: Լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանն էլ տեղեկացրեց, որ դեսպանատները եւ միջազգային կազմակերպությունները դեռ չեն արձագանքել իրավիճակի մասին իրենց նամակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ