News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելում «Նոյյան տապան» Մշակույթի հայկական կենտրոնի նախագահ Դավիթ Գալֆայանը NEWS.am-ին պատմեց իր «Հայասա. Աստվածների երկիր» գրքի, ինչպես նաեւ՝ նոր ստեղծագործական ծրագրերի մասին:

Նրա խոսքով՝ « Հայասա. Աստվածների երկիր» գիրքը գլխավոր հերոսների հետ միասին մեզ տեղափոխում է դեպի Բաբելոնի աշտարակի կառուցման հեռավոր ժամանակներ, որտեղ մեր ժամանակակիցները կհանդիպեն աստվածաշնչյան լեգենդար հերոսների հետ եւ ժամանակակցի աչքերով կնայեն այն ժամանակների իրադարձություններին:

«Ի դեպ, երբ գրում էի այս գիրքը, ես զուտ բիբլիական թեմա չէի վերցրել: Դրանում ես օգտագործել եմ աքքադական, եթովպական եւ, իհարկե, հայկական լեգենդներ: Գրքում ես փորձել եմ բացահայտել ոչ միայն միակողմանի հայկական կոլորիտը, այլ նաեւ բոլոր այն ժողովուրդների կոլորիտը, ովքեր ապրել են այս տարածաշրջանում, որտեղ ծնվել են հին քաղաքակրթությունները: Այստեղ մանրամասն նկարագրվում են նրանց ավանդույթներն ու կենսակերպը՝ հարսանիքներ, թաղումներ, խոհանոց եւ այլն: Ի՞նչը դրդեց ինձ գրել այն: Դե, երեւի այն, որ կա այնպիսի ժանրի դեֆիցիտ, որտեղ ընթերցողը կարող է ծանոթանալ հին Հայաստանին՝ իր պատմությամբ, մշակույթով եւ դիցաբանությամբ: Ծանոթանալ ոչ թե բարդ լեզվով գրված գիտական աշխատանքներով, այլ ավելի թեթեւ արկածային ոճով, եւ, հուսով եմ, դա ինձ հաջողվել է»,- պատմեց ստեղծագործության հեղինակը:

Նա նշեց, որ գիրքն ի սկզբանե ստեղծվել է ռուսալեզու լսարանի համար՝ մեր հին պատմությանը եւ մշակույթին նրան ծանոթացնելու համար:

«Բայց, ինչպես միշտ է պատահում, գիրքը գրավեց նաեւ հայ ընթերցողին: Վաճառքի լիցենզիան պատկանում է «Լիտրես» հրատարակչությանը, որտեղ կարելի է ներբեռնել գիրքը էլեկտրոնային ձեւաչափով, իսկ նրանք, ովքեր սիրում են զգալ գիրքը իրենց ձեռքում եւ թղթի հոտը, կարող են այնտեղ պատվիրել տպագիր օրինակը: Այստեղ Իսրայելում լույս կտեսնի միայն 500 օրինակից մի փոքր տպաքանակ»,- ասաց Դավիթ Գալֆայանը:

Դավիթ Գալֆայանը տեղեկացրեց, որ գիրքը կարելի է ձեռք բերել «Լիտրես»-ի կայքում, ինչպես նաեւ նրանց գործընկերների կայքերում՝ https://www.litres.ru/david-korunovich-galfayan/hayasa-zemlya-bogov/։

Ստեղծագործության հեղինակի խոսքով՝ արդեն պատրաստվում է հրատարակության եբրայերեն «Արարատ երկրի խորհուրդները» գիրքը, որի համահեղինակն է Մենդել Կորսունսկին՝ հայկական հեթանոսական դիցաբանության թեմայով նրա նկարների նկարազարդումներով: Ընթացքի մեջ է նաեւ նույն «Հայասա» շարքի նոր գրքի աշխատանքը՝ «Սուրբ լույս» աշխատանքային խորագրով, որը պատմում է Սուրբ լույսի մասին, որը Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի վրա երեւացել է Գրիգոր Լուսավորչին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ