Արագածոտնի մարզում այսօր` հունիսի 12-ին ժամը 13:40-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ապարան-Արագած ճանապարհի 5-րդ կմ-ում ճանապարհի երթեւեկելի մասում միմյանց են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՏ 811 համարանիշի եւ Ford մակնիշի 27 ՕՏ 257 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի վայրում ականատեսները հայտնել են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ»-ի կա’մ վարորդը կա’մ ուղեւորներից մեկը տեղում մահացել է, ով ըստ հավաքվածների, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի ուսանող էր:

Բացի այդ, դեպքի վայրից, ըստ ականատեսների, Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ: Այս պահին պարզ է նրանցից միայն 4-ի տվյալները: Նրանք են 30-ամյա Վարդան Կոստանյանը, 24-ամյա Միշա Անաստասյանը, Հովսեփ Հարությունյանն ու Արաիկ Մակարյանը:

Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում ճանապարհը խցանումներից ազատելու համար աշխատել են ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արտավազդ Մելքոնյանն ու տեսուչ Վարդան Հովհաննիսյանը:

Դեպքի վայրում էր նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի Արագածի քննչական բաժանմունքի քննիչը: Նրա հանձնարարականով երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի տուգանային հրապարակ:

Ըստ ֆոտոլրագրողի, ապահովագրական ընկերությունները դեպքի վայր են ժամանել 2 ժամ 20 րոպե ուշացումով, իսկ դեպքի վայրում ականատեսները պատմել են, որ վթարի պատճառն անբարենպաստ եղանակն է եղել` ուժեղ կարկուտն ու անձրեւը: Ի դեպ, մի քանի րոպեների ընթացքում ճանապարհի նշված հատվածում կարկուտի 20-25 սմ հաստություն շերտ է նստել:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի