Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր սպասարկում է 1528 ընտանիքի, եւ կատարել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք ծրագիր։ 1-ին ծրագրով միանվագ եւ երկարաժամկետ հատուցումներ են տրամադրում զոհված եւ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո, բացի հիմնական ծրագրից, հիմնադրամն իրականացնում է եւս երկուսը, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։
«Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում սատացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամություն եւ կարգ ստանում՝ մինչեւ նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն եւ անցնեն փորձաքննության, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների։ Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրն ենք իրենց մասով իրականացնում։ Երկրորդ ծրագիրը վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքներին։ Քանի որ անհայտ կորածը իրավական կարգավիճակ է, եւ միան դատարանը կարող է նման կարգավիճակ տալ, ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեն այդ ընտանիքները փետրվարի 10-ից հետո դիմել դատարան եւ հայցել, որ դատարանն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա, քանի որ սա եւս որոշակի ժամանակահատված է պահանջում, այս ընթացքում եւս 6 ամսով Կառավարության հետ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրն իրականացնում ենք»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։
Ըստ նրա՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր, սպասարկում է 1528 ընտանիքի, եւ կատարել են շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։
«Վերջին պատերազմից հետո մինչեւ այս պահը մենք ունենք 1111 ընտանիք, որոց սպասարկում ենք, այդ թիվը մտնում է 1528 ընտանիքի կազմում։ 1111 ընտանիքի համար կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը, ապա հավելեց․
«Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման ներքո անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի հատուցումներ ենք կատարում՝ 6 ամիս ժամկետով, ամսական 300 000 դրամ։ Երբ զինվորը անհետ կորածի կարգավիճակ կստանա դատարանի կողմից, եւ ընտանիքը կգա հիմնադրամ՝ հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, եւ տարբերությունը կփոխանցենք իրենց»,- ասաց Ավետիքյանը։
Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, ապա այս պահին հիմնադրամում 55 շահառու կա։
«Ծանր վիրավորումների եւ խեղումների ցանկը սահմանված է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։ 17 մլն դրամի չափով նրանց 300 000 դրամ է ամսական վճարվում։ Անցյալ շաբաթ Կառավարությունը որոշում ընդունեց, որով այդ ցանկին ավելացան այն զինծառայողները, ովքեր ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռեւս չեն ստացել զինհաշմանդամություն։ Տարբերությունն այն է, որ քաղաքացիական հաշմանդամություն ստանալու պարագայում, անձը համարվում է հաշմանդամ, եւ օգտվում է պետական բյուջեով նախատեսված որոշակի նպաստներից, իսկ զինհաշմադամի տարբերությունն այն է, որ ռազմական բժշկական հանձնաժողովի կողմից հաստատվում է պատճառահետեւենքային կապը իր հաշմանդամության կամ վիրավորման եւ մարտական գործողությունների ժամանակ այդ վիրավորումը կամ խեղումը ստանալու հանգամանքը»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը։
Ըստ Վարուժան Ավետիքյանի՝ հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճար է ստացել, աշխարհի ավելի քան 60 երկրից 9 մլրդից մի քիչ պակաս նվիրաբերություն, որից շուրջ 7,5 մլրդը 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո։
Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու կարող է համարվել այն անձը, ով մասնակցել է մարտական գործողություններին եւ վիրավորումը պետք է ստացած լինի մարտական հերթապահություն իրականացնելու, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով ։