News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում, ըստ էության, ծաղրանկարային, խունտայական, հակաժողովրդավարական և հակաժողովրդական ոստիկանապետական ռեժիմ է: Այսօր Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում «ոստիկանական ցույց» էր կազմակերպել: Բացի այն, որ դա խայտառակություն է, ինքնին, դա նաև նույն Փաշինյանի և նրա «քայլաթիմի» ինքնաոչնչության խոստովանություն-ցուցադրանք էր: Բանն այն է, որ նախկինում ամենից շատ ու ամենից ծղրտուն տարբերակներով հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա «քայլակիցներն» էին առիթ-անառիթ խոսում ոստիկանների թվի մեծ լինելուց, Հայաստանը ոստիկանապետության վերածելու վտանգից ու նման բաներից: Մինչդեռ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածեց կործանված, տապալված երկրի, որտեղ միայն ոստիկանապետական ռեժիմի օգնությամբ է դեռ մնում է իշխանության: Այս մասին գրել է վերլուծաբան Արմեն Հակոբյանը yerevan.today կայքում:

Ավելին, ինքը՝ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, մայրաքաղաքի կենտրոնում մի 100-150 մետր քայլելու համար մի քանի հազար ոստիկանով շրջապատում է «քայլավայրը»:

Ի դեպ, նախկինում, այսինքն՝ այն ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմադիր էր հանդես գալիս ու բղավում ոստիկանապետության մասին, նրան ու նրա նմաններին աշխուժորեն ձայնակցում էին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանները, ԵՄ, ԵԽ ներկայացուցիչները, առհասարակ, «միջազգային իրավապաշտպան» գրիֆով ներկայացող կազմակերպությունները: Դրանք հիմա համառորեն լռում են: Լռում են կուրտիզանի պես: Այո, հենց կուրտիզանի, այլ ոչ թե՝ պարտիզանի:

Ի՞նչ է կատարվում, ըստ էության:

Նախ, նկատենք, որ 2020-ի մարտից, իբր թե՝ վարակի դեմ պայքարի նպատակով, երկրում կես տարի շարունակ «Արտակարգ դրության» ռեժիմ էր: Ըստ էության, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, հայտարարվեց «Ռազմական դրություն»: Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդից թաքուն ստորագրած կապիտուլյացիոն ակտով պատերազմն փաստացի ավարտվեց: Մինչդեռ ռազմական դրությունը շարունակվում է արդեն ահա 4-րդ ամիսն է:

Ի՞նչ հիմքով: Ոչ մի: Իշխանությունն ասում է, որ գիտե՞ք Գենշտաբն է այդպես ուզում, իբր թե դեռ վտանգ կա, ռազմական գործողությունների վերսկսման։ Սակայն թե՛ մեր իշխանությանը, թե՛ ժողովրդավարության բաստիոն երկրների դեսպաններին հիշեցնենք, որ օրնակ՝ Վրաստանում, դեռ 2008-ի ռազմական գործողությունների ժամանակ, ռազմական դրությունը մտցվել էր ընդամենը 15 օրով, իսկ Ուկրաինայում այս ամբողջ ընթացքում Ռազմական դրություն է պահպանվել 30 օր, ընդամենը։ Իսկ միակ հիմքը, իմ կարծիքով այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռազմական դրության ռեժիմով, ոստիկաններով շրջապատված, դեռ մի որոշ ժամանակ էլ կերկարաձգի իր իշխանավարումը, թերևս թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ իր ստանձնած ինչ-ինչ պարտավորությունների կատարումն ու Հայաստանի բացարձակ կործանումը ավարտին հասցնելու նպատակով:

Ի՛նչն է հատկանշական:

Հայաստանում ոստիկանական բեսպրեդել է, անհեթեթ ու անհիմն՝ «ռազմական դրություն», իշխանության հրահանգով, շինծու մեղադրանքներով հետապնդումներ են իրականացվում ընդդիմադիր գործիչների, ակտիվ քաղաքացիների, հանրային դեմքերի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի անմիջական կարգադրությամբ ոստիկանությունը ամենակոպիտ ձևով բռնություններ է գործադրում ցուցարարների նկատմամբ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը անպատկառորեն սպառնում է գնդակահարել ժողովրդի խաղաղ ցույցերը, ֆեյքային պայքարի ներքո ձեռբակալում են փորձագետների, մեդիամենեջերին կալանք տալիս, ընդիմության վարչապետի թեկնածուի վրա գործ հարուցում ու անընդհատ սպառնում, իշխանության տարբեր տրամաչափի գործիչների շուրթերով։ Այս ամենը տեղի է ունենում արդեն գրեթե ամեն օր, պատերազմի ավարտից հետո, քաղաքական լուծումը, չկա, միայն ոստիկանական լուծումներով է իշխանությունը պահվում։

Իսկ երբեմնի ամենից ուշադիր ԱՄՆ դեսպանատունը, Եվրամիության և Եվրախորհրդի ներկայացուցիչները տարօրինակ լռում են: Ծպտուն իսկ չեն հանում: Ինչու՞։

Այսինքն, կարող ենք շատ հանգիստ ենթադրել, որ նախկինում նրանք գերակտիվ էին ոչ թե այն պատճառով, որ ժողովրդավարական մոտեցումների, ազատությունների, մարդու իրավունքների ջատագովն են, իրենց երկրները, իսկ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, այլ որովհետև իրենց այդպես էր պետք՝ օրվա/կարդա՝ նախկին/ իշխանություններին ինչ-որ բաներ պարտադրելու համար: Կամ էլ, կարելի է ենթադրել, որ դեսպանները լրացուցիչ ֆինանսավորվում են մեր թշնամական երկրների կողմից՝ նիկոլապետությանը չխանգարելու, հնարավորինս երկարաձգելու, Հայաստանը և ժողովրդին կործանելու համար: Միգուցե, նրանց լռությունը կոնկրետ արծա՞թ է, թերևս, իրենց բանկային հաշիվներում արտացոլված: Հակառակ դեպքում, եթե ոչ մի դեպքն է, ոչ մյուսը, ապա ինչպե՞ս բացատրել դեսպանների լռությունը այս քանակի անարդարությունների նկատմամբ։

Ի դեպ, եթե չեմ սխալվում, Եվրոպայի Խորհրդի գործառույթների մեջ է վերահսկել և արձագանքել, եթե որևէ անդամ-երկրում ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո պահպանվում է ռազմական դրության ռեժիմը՝ փաստացի սահմանափակելով քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Մեր երկրում, կրկնեմ, այն պահպանվում է համարյա 4 ամիս։ Եվ՞, կհարցնեք, ո՞ւր է այդ արձագանքը:

Չէ, այնպես չէ, որ դրանց խոսելու վրա է հույսը: Բայց ո՞վ են նրանք՝ իրենց այս լռությունից հետո:

Արմեն Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ