News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հատկապես մեկ աղբյուրից գնումները պահանջում են կառավարությունից  դրանց  անհրաժեշտության և օրենսդրության համապատասխանության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն: Հակառակ դեպքում, հեռուն գնացող դատողությունները   գոյության իրավունք ունեն։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Նախկին պաշտոնյայի հետ զրուցել ենք ֆինանաստնտեսական խնդիրների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են երկրում ստեղծված իրավիճակը շտկելու համար։

Եթե այսօր համառոտ նկարագրեք Հայաստանի տնտեսության իրական վիճակը, ի՞նչ որակում կօգտագործեք։ Ի՞նչ վտանգավոր ազդակներ եք տեսնում։

Հայաստանի տնտեսության իրական վիճակի վերաբերյալ կարելի է պատկերացում  կազմել ծանոթանալով վիճակագրական ծառայության մատուցած տեղեկատվությանը: Դրանց հիման վրա տրվելիք գնահատականները  հեռու են ցանկալիից և, անշուշտ, լավատեսական սպասումների համար հիմքեր չեն ստեղծում: Չմանրամասնելով տնտեսական և սոցիալական ոլորտների ցուցանիշները, որոնք արդեն բավարար չափով ներկայացված են հանրությանը, կարծում եմ՝ նախ, նպատակահարմար է անդրադառնալ առկա հիմնախնդիրների առաջացման պատճառների վերլուծությանն ու դրանց՝  ներկայիս և հետագայում հնարավոր ազդեցության գնահատման բացահայտմանը: Մինչդեռ, առ այսօր տրված չեն տնտեսության և բնակչության սոցիալական վիճակի վրա այդ պատճառներից երկուսի՝ պատերազմի ու համավարակի ուղղակի և անուղղակի բացասական ազդեցության ֆինանսական գնահատակաները: Դրանով նաև պայմանավորված, շատ դժվար է եզրակացություններ անել իշխանության գործունեության արդյունավետության մասին, երբ հստակ չեն, թե նրա իրականացրած միջոցառումները կոնկրետ ինչքանով են համապատասխանելու նշված հիմնախնդիրներին և, ընդհանրապես, քանակական ու որակական ինչ արդյունքներ են ապահովելու:

Ինչ վերաբերվում է վտանգավոր ազդակներին, ապա դրանց ընգրկումը շատ լայն է՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում,  բյուջեի եկամտային ցուցանիշների թերակատարում, պետական պարտքի ավելացում և մի շարք այլ ռիսկեր:

Դուք երկար տարիներ պետական կառավարման օղակում եք եղել, տնտեսական այսպիսի իրավիճակների պարագայում ի՞նչ քայլեր պետք է առաջնային իրագործվեն։

Որքան հասկանում եմ, դուք ակնկալում եք պատասխան՝ ֆինանսական համակարգում իրականացվելիք առաջնային քայլերի մասին: Նախ, կարծում եմ հրատապ կարգով պետք է վերանայվի 2021 թվականի պետական բյուջեն: Ընդ որում, կենսական անհրաժեշտություն է հատկապես բյուջեի ծախսային ուղղություններում փոփոխությունների իրականացումը՝ դրանք համապատասխանեցնելու ներկա իրողություններին:  Դրա համար անհրաժեշտ է.

 1. գույքագրել նոր պայմաններում առկա խնդիրները, որոշակիացնել նպատակները և սահմանել այդ նպատակներին հասնելու համար արդյունավետ միջոցառումները,

 2. ձերբազատվել պետական բյուջեում առկա և կատարվող ակնհայտ ոչ առաջնային ու ոչ արդյունավետ ծախսերից,

 3. հրաժարվել վերջին տարիներին պրակտիկա դարձրած բյուջեի կազմման մնացորդային եղանակից: Կիրառել այսպես կոչված «զրոյական» տարբերակը, ինչը հնարավորություն կտա ծրագրային բյուջետավորման տեսանկյունից քննարկման ենթարկել և որոշումներ ընդունել   բյուջեի ամբողջական և ոչ թե դրա 20 տոկոսից պակաս ծախսերի վերաբերյալ: Զրոյական տարբերակի կիրառումը հնարավորություն կտա նաև վերանայել ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերում առկա պետական մի շարք ծախսերի կատարման նպատակահարմարությունը,

 4. միջոցներ ձեռնարկել բյուջեով նախատեսված արտասահմանյան վարկային ռեսուրսների լրիվ ու ամբողջական օգտագործման ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով նաև ծախսերի կառուցվածքում կապիտալ ծախսերի մասնաբաժնի ավելացումը,

  5. ապահովել հարկաբյուջետային կառավարման բնագավառում հնարավորինս բավարար հրապարակայնություն:

  Ֆինանսական կառավարման բնագավառում կատարման ենթակա առաջնային քայլերը բազմաթիվ են: Սակայն, այս հարցազրույցում, բավարարվենք միայն թվարկածներով:

750 մլն դոլարի եվրաբոնդերի թողարկումը տնտեսագետները բուռն քննադատության ենթարկեցին։ Պետական պարտքի այդքան ավելացումն ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկրին։ Ի դեպ, իշխանությունից խոստովանություն եղավ, որ առանց դրա հնարավոր չէր լինի աշխատավարձ և թոշակ վճարել։

Ըստ էության Ձեր հարցը բաղկացած է երեք ենթահարցից: Համառոտ կանրադառնամ դրանցից յուրաքանչյուրին՝ առանձին-առանձին:

Նախ, եվրաբոնդերի մասին: Եվրաբոնդերի լրացուցիչ թողարկումը, որպես պետական պարտքի սպասարկման աղբյուր, քննարկվում էր վաղուց: Միջազգային առկա իրողությունները հնարավորություն են տալիս նաև թողարկումից ստացված համապատասխան մուտքերը օգտագործել պարտքի վերակառուցման նպատակով: Այս առումով, թերևս, եվրաբոնդերի թողարկմանը ես դրական եմ վերաբերվում: Իսկ այն հարցերի պատասխանները, թե որքանով էին  տոկոսադրույքներն արդյունավետ, կամ դրանց հնարավոր ծախսերի ուղղությունները նպատակային, կարելի է տալ պարզ վերլուծությունների և կառավարությունից այդ ծախսերի ուղղությունների վերաբերյալ հստակ ծրագիր ներկայացնելու պարագայում:

Երկրորդ ենթահարցը վերաբերվում էր պետական պարտքի ավելացմամբ պայմանավորված խնդիրներին: Այդ խնդիրները  երկար ու մանրամասն ներկայացման կարիք ունեն: Բազմիցս առիթ ունեցել եք մեր տարբեր գործընկերների կողմից պետական պարտքի անհրաժեշտության, դրա բարձր լինելու հնարավոր վտանգները քննարկելու: Այդ կապակցությամբ, կցանկանայի կատարել ընդամենը մեկ դիտարկում:  2017թ. ՀՀ պետական պարտքի կառավարման  բնագավառում կատարվեցին փոփոխություններ, որոնք գործնականում ներկայացվում   են շատ հնչեղ՝ «ոսկե կանոն» բնորոշմամբ: Համաձայն այդ փոփոխությունների, օրենսդրությունից հանվեց պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոս սահմանափակումը և  օրենքով սահմանվեց պետական պարտքի կառավարման որոշակի գործիքակազմ: Իրականում, սակայն,  պետք է արձանագրել, որ օրենքի նշված դրույթները  2021թ. պետական բյուջեում արտացոլված չեն:

Որպեսզի այդ կանոնակարգումը ամբողջապես չմնար թղթի վրա, թերևս կարելի էր կատարել դրա պահանջներից գոնե մեկը՝ ՄԺԾԾ-ում նախատեսել միջոցառումներ պետական պարտքի մակարդակը հարաբերականորեն (գոնե ոչ մինչև 60 տոկոս) իջեցնելու ուղղությամբ, կամ տալ դրանց  իրագործման անհնարինության հիմնավորումը:

Ինչ վերաբերվում է եվրաբոնդերի հաշվին աշխատավարձ և թոշակ վճարելու հարցին, կարծում եմ, ձևակերպման առումով նման գնահատականներ տալը ճիշտ չէ: Ընդհանրապես, պետական բյուջեի մուտքերի (այդ թվում՝ եվրաբոնդերի) գերակշռող մասը կապակցված չէ որևէ ծախսի հետ: Հետևաբար պնդումը, թե բյուջեի որևէ մուտք օգտագործվում  է կոնկրետ ծախս կամ ծախսեր կատարելու համար, ֆինանսական տեսանկյունից, արդարացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ  համապատասխան մուտքերը չեն գերազանցում առանց թոշակը և աշխատավարձը հաշվառած բյուջետային ամբողջ ծախսերին:

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքված գումարների զգալի մասը փոխանցվեց կառավարությանը։ Ըստ Ձեզ, սա ֆինանսական որևէ բացարտրություն ունի՞։

Այդ հարցի առանձին կողմերի վերաբերյալ ևս արդեն իսկ կան բացատրություններ և բավականին մեծ  արձագանքներ:  Սակայն դրանք բավարար չեն ամբողջական ֆինանսական գնահատական տալու համար: Կարծում եմ, վերջնական եզրակացություններ հնարավոր է կատարել մեկ-երկու ամսից, երբ կառավարության կողմից պատրաստ  կլինի 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը:

Պետգնումների հարցն այս իշխանության ամենախոցելի տեղերից մեկն է, որովհետև մշտապես տեղեկություն է հրապարակվում մեկ աղբյուրից, առանց մրցույթի գնումների մասին հաղրդումից։ Կոռուպցիայի, մենաշնորհի դեմ հայտարարություններով պայքարող իշխանությունը սրանով չի՞ խրախուսում հենց կոռուպցիան։

-Ձեր հարցը պայմանավորված է այն հանգամանքով, որին մասնակիորեն մենք այս հարցազրույցում անդրադարձանք՝ հրապարակայնության բացակայությունը: Ակնհայտ է, որ հատկապես մեկ աղբյուրից գնումները  պահանջում են կառավարության կողմից  դրանց  անհրաժեշտության և օրենսդրության համապատասխանության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրում: Հակառակ դեպքում, հեռուն գնացող դատողությունները   գոյության իրավունք ունեն։

Տպել
Ամենաշատ