News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Մենք Դիլիջանում էինք, երբ պատերազմը սկսվեց։ Ինքն իր տեղը չէր գտնում։ Գնալիս միայն մի բան ասացի՝ մեզ չես խղճում, գոնե երեխաներիդ խղճա։ Ասաց՝ ես իմ երեխաներին խղճում եմ դրա համար եմ գնում, որ իմ Ռաֆս ու եղբորս տղան պատերազմ չտեսնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիս Սահինյանի մայրը՝ Ժաննա Սահինյանը։

Սարգիսը պատերազմ էր մեկնել մահապարտների ջոկատով։ Ընտանիքին զանգել է երեք անգամ, վերջին անգամ հոկտեմբերի 10-ին՝ մահվանից երեք օր առաջ։

«Վերջին անգամ զանգեց ու ասաց՝ պետք է պինդ լինես, ամեն ինչի պատրաստ լինես ու երեխաներին ինչպես պահել ենք, այդպես էլ պահես։ Մեզ ասաց, որ իրեն կանչել են որպես պահեստազորային և միայն գնալու օրն առավոտյան ասաց, որ կամավոր է մեկնում»,- ասաց Սարգիս Սահինյանի կինը՝ Լիլիթ Սահինյանը։

Սարգիսը խաղաղապահ առաքելություն էր իրականացրել Կոսովոյում և Աֆղանստանում, մասնակցել Ապրիլյան պատերազին։ Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորում էր ստացել և թողել էր զինվորականի աշխատանքը։

«Երբ Սարգիսը պետք է անցներ պարտադիր զինվորական ծառայության, մեզ զինկոմիսարիատից ասացին, որ առողջական խնդիրներ ունի, բայց ինքը պնդեց, որ անպայման գնալու է ծառայելու։ Ծառայությունից հետո գնացինք Մոսկվա, բայց չհարմարվեց օտարությանը և վերադարձավ։ 7 ամիս Կոսովոյում, 9 ամիս Աֆղանստանում անցկացրեց խաղաղապահական առաքելություն, հետո մասնակցեց Ապրիլյան պատերազմին։ Ապրիլյանի ընթացքում ոտքի վիրավորում ստացավ և մի քանի ամիս էլ ծառայելուց հետո թողեց զինվորականի աշխատանքը»,- նշեց Սարգսի մայրը։

Զինվորականի կյանքը թողնելուց հետո Սարգիսը աշխատանքի էր անցել տուրիզմի ոլորտում:

«Սարգիսը տուրիստական գործակալությունում էր աշխատում։ Ամբողջ Հայաստանում եղավ ու ավելի շատ կապվեց Հայաստանի հետ։ Ամեն անկյուն ու թուփ գիտեր»,- ասաց Ժաննա Սահինյանը։

Սարգիսի ամենամեծ երազանքը սեփական տուն ունենալն էր, քանի որ իր ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում։ Նա գնել էր կիսակառույց տուն, որը պետք է նորոգեր այս գարնանը։

«3D ծրագրով արդեն պատկերացրել էր, թե ինչպիսին պետք է լինի այդ տունը, դետալ առ դետալ, գունային համադրություններով պատրաստել էր»,- պատմեց Սարգիսի կինը։

Սարգիսն ու Լիլիթն ունեն երկու դուստր և մեկ որդի։ 

Տպել
Ամենաշատ