News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռիտա Կիրակոսյանի երեքհոգանոց ընտանիքը Ուկրաինայի պատերազմի հետևանքով 2018 թվականին տեղափոխվել է Հայաստան։

«Դոնեցկից դուրս ենք եկել վերջին ավտոբուսով։ Նախքան Հայաստան գալը եղել ենք Ուկրաինայի այլ քաղաքներում և Մոսկվայում։ Հայաստան տեղափոխվել ենք 2018 թվականին։ Սկզբում բնակվում էինք բարեկամի տանը, հետո նկուղում՝ մինչև տեղափոխվեցինք այստեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ռիտա Կիրակոսյանը։

Ռիտա Կիրակոսյանի զավակները՝ 48-ամյա Համլետը և 28-ամյա Հասմիկն առողջական խնդիրներ ունեն։

«Եղբայրս գլխի վրա կիստա ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ես բրոնխներիս հետ լուրջ խնդիրներ ունեմ, տան խոնավությունն ավելի է խորացնում դրանք։ Մեզ դեղեր են անհրաժեշտ, որոնք հաճախ չենք հասցնում գնել»,- նշեց դուստրը՝ Հասմիկ Կիրակոսյանը։

Ընտանիքը վարձով բնակվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարանային շենքի մեկ սենյակում։ Ընտանիքի ամսական եկամուտը մոտ 30 հազար դրամ է, որից 20 հազարը նրանք վճարում են տան վարձը։ Վարձակալած սենյակն անմխիթար վիճակում է։

«Տաք ջուր չունենք, գնում ենք բաղնիքում ենք լողանում։ Երբեմն գազի բալոն ենք միացնում տաքանալու համար։ Սառնարան չունենք։ Մեր պատրաստած ուտելիքները դնում ենք պատուհանգոգին։ Շոգին խնդրում ենք, որ հարևաններից մեկը դնի իր սառնարանում։ Առաստաղից կաթում է, տունը շատ խոնավ է, ինչից մեր հագուստները բորբոսնում են»,- ավելացրեց Ռիտա Կիրակոսյանը։

Ընտանիքը հույս ունի, որ կկարողանա ավելի լավ պայմաններով բնակարան տեղափոխվել։

Ռիտա Կիրակոսյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ համարով՝ 093066271։

Տպել
Ամենաշատ