News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի՝ 3228: Այս մասին ասվում է Hurun Research Institute հետազոտական կազմակերպության զեկույցում, հաղորդում է Փրայմը:

Զեկույցում նշվում է, որ չնայած պանդեմիային՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունը 2021 թվականի հունվարի 15-ի դրությամբ աճել է 32 տոկոսով՝ կամ 3,5 տրիլիոն դոլարից հասնելով 14,7 տրիլիոն դոլարի:

Hurun Research Institute-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել SpaceX եւ Tesla ընկերությունների 49-ամյա ղեկավար Իլոն Մասկը, ում կարողությունն աճել է 197 միլիարդ դոլարով: Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը 189 միլիարդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բերնար Առնոն 114 մլրդ դոլար կարողությամբ:

Ապա նրան հաջորդում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 110 մլրդ դոլար կարողությամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 101 մլրդ դոլար կարողությամբ, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը 91 մլրդ դոլար կարողությամբ:

Առաջին տասնյակում են նաեւ Nongfu Spring-ի տնօրեն Չժուն Շանշանը, ում կարողությունն աճել է մինչեւ 85 մլրդ դոլար: Նա դարձել է առաջին չինացին, ով հայտնվել է Hurun-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ 10-յակում եւ դարձել ՉԺՀ-ի ամենահարուստ մարդը:

Չինաստանը շարունակում է մնալ երկրում բնակվող միլիարդատերերի թվով առաջնորդը: Համաձայն ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ում բնակվում է 696 միլիարդատեր, այն դեպքում, երբ ՉԺՀ-ում (ներառյալ՝ Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան) նրանց թիվը կազմում է 1058՝ 259-ով ավելի շատ, քան մեկ տարի առաջ:

Անցած տարին իր դիրքերը պահպանել է նաեւ Հնդկաստանը՝ մնալով վարկանիշային աղյուսակում 177 միլիարդատերերով: Չորրորդ տեղում է Գերմանիան, որտեղ բնակվում է 141 միլիարդատեր, 5-րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 134 միլիարդատեր:

Ռուսաստանը գտնվում է 7-րդ հորիզոնականում, երկրում բնակվում է 85 միլիարդատեր: Ըստ կազմակերպության տվյալների՝ ռուսաստանցի միլիարդատերերի համար ամենաշահութաբեր ոլորտը մնում է էներգետիկան եւ մետալուրգիան:

Նշվում է, որ կին միլիարդատերերի թիվն ավելացել է 231-ով, ավելի քան 60 տոկոսն ապրում է Չինաստանում: Աշխարհի ամենահարուստ կինը դարձել է Wal-Mart ցանցի հիմնադրի 71-ամյա դուստր Էլիս Ուոլթոնը 74 մլրդ դոլար կարողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ