News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լիբանանյան ֆունտը ռեկորդային ցածր մակարդակի է հասել դոլարի նկատմամբ սեւ շուկայում, քանի որ երկրի քաղաքական ճգնաժամը խորանում է` չունենալով մոտ ապագայում նոր կաբինետ ստեղծելու հեռանկարներ, իսկ արտարժույթի պահուստները շարունակում են կրճատվել, փոխանցում է AP-ն:

Երեքշաբթի կեսօրին մոտ դոլարը վաճառվում էր 9 975 լիբանանյան ֆունտի մակարդում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսին, երբ դոլարը կարճ ժամանակ սեւ շուկայում վաճառվում էր 9 900 ֆունտ ստեռլինգով: Պաշտոնական արժեքը 1520 ֆունտ է մնում մեկ դոլարի դիմաց:

Լիբանանը մեկը մյուսի հետեւից ճգնաժամերի է բախվում` 2019-ի հոկտեմբերին երկրի կոռումպացված քաղաքական դասի դեմ հակակառավարական ցույցերի բռնկումից ի վեր: Այս ամենին գումարվեցին կորոնավիրուսային համավարակը եւ անցյալ օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահացու պայթյունը:

Անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում 211 մարդ էր զոհվել եւ վիրավորվել էր ավելի քան 6000 մարդ: Լիբանանի մայրաքաղաքի մեծ մասը լուրջ կերպով տուժել էր պայթյունի հետեւանքով:

Վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը պայթյունից վեց օր անց հրաժարական տվեց: Հոկտեմբերին նոր կաբինետի ձեւավորման համար նշանակվեց նախկին վարչապետ Սաադ Հարիրին, սակայն գրեթե հինգ ամիս անց նրա եւ նախագահ Միշել Աունի միջեւ տարաձայնությունները կաբինետի ձեւի շուրջ խանգարեցին նոր կառավարության ձեւավորմանը: Լիբանանը նաեւ հուսահատորեն արտարժույթի կարիք ուներ, սակայն միջազգային դոնորները հայտարարել են, որ կօգնեն երկրին միայն այն դեպքում, եթե խոշոր բարեփոխումներ կատարվեն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, որը երկիրը սնանկության եզրին է հասցրել:

Տեղական արժույթի փլուզումն ավելի մեծ թվով մարդկանց աղքատության կհասցնի: Լիբանանում նվազագույն աշխատավարձը 675,000 ֆունտ է, այսինքն` ամսական մոտ 67 դոլար: 2019-ին բողոքի ցույցերի բռնկումից առաջ նվազագույն աշխատավարձը մոտ 450 դոլար էր կազմում:

Ճգնաժամը 6 միլիոն բնակչությամբ երկրի գրեթե կեսն աղքատության մեջ է գցել: Դեկտեմբերին Համաշխարհային բանկը նախազգուշացրել էր, որ Լիբանանի տնտեսությունը «ծանր եւ երկարատեւ դեպրեսիայի» կբախվի, ընդ որում, իրական ՀՆԱ-ի գրեթե 20 տոկոս անկում է նախատեսվում, քանի որ քաղաքական գործիչները հրաժարվում են բարեփոխումներ իրականացնել, որոնք կարագացնեին երկրի վերականգնումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ