News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից վարձակալած «Boeing 737-300» ինքնաթիռի առեղծվածային անհետացման գործընթացը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է լիտվական, պարսկական եւ հայկական ընկերությունների համագործակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։

Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ վարձակալության վերցված օդանավը վաճառել Իրանին  հնարավորություն ունի միայն տերը, այս դեպքում՝ Լիտվան. «Այսինքն՝ շատ մեծ հնարավորություն կա, որ ներգրավված է ոչ միայն օդանավի տերը, այլ նաեւ ընկերությունը (լիզինգային ընկերությունը): Եթե օրենքով շարժվենք, ապա մեր ՔԱԿ-ը, հանդիսանալով ICAO-ի ներկայացուցիչը ՀՀ-ում, իմանալով, որ մեր երկիրը վավերացրել է Քեյփթաունի կոնվենցիան` որը իր հերթին նմանօրինակ դեպքերում պահանջում է արտերկրյա սեփականատիրոջը հետ վերադարձնել իր գույքը, պետք է անմիջապես արգելեր Fly Armenia-ի կողմից օդանավի հետագա շահագործումը, ՀՀ օդային ռեեստրի մեջ չեղարկեր EK-FAA օդանավի գրանցումը եւ ՀՀ տարածքում օդանավը հանձներ սեփականատիրոջը կամ իրենց օդաչուական անձնակազմին»։

Խաչատրյանը նշեց, որ այլ բան է, եթե այն գնվեր ավիաընկերության կողմից, ոչ թե վարձակալությամբ վերցվեր. «Եթե լիներ հայկական, ապա ինչ ուզեին՝ կարող էին անել»։

Նա շեշտեց, որ այդ գործընթացը տեղի է ունեցել հայկական կողմի շատ թույլ վերահսկողության կամ վերահսկողության բացակայության պատճառով. «Մեր վարչությունը, ցավոք, ճիշտ չի իրականացրել իր վերահսկողական ֆունկցիաները, հակառակ դեպքում թույլ չէր տա, որ 4 ամիս չվերթ չունեցած օդանավը երկրից դուրս գա։ Սա մեծ խնդիր է Հայաստանի համար։ Ենթադրվում է նաեւ, որ Fly Armenia-ի ղեկավարները կազմակերպել են համատեղ  ակցիա. օդանավը տարել են հյուսիսով, իջեցրել են հարավ»։

«Magnetic Leasing-ը մեծ ուշադրությամբ այս պահին էլ հետեւում է իր օդանավին։ Վարձակալության ժամկետը 5 տարի է, ամեն տարի վարձակալը պայմանավորվելով վարձատուի հետ, օրեր է ընտրում, ուղարկում է իր ներկայացուցիչներին, որպեսզի տեսնեն օդանավը, ներսն ուսումնասիրեն եւ այլն»,- նշեց Խաչատրյանը։

Նավիկ Խաչատրյանը հայտնեց, որ իր աղբյուրի փոխանցմամբ, այս գործընթացում ներգրավված է նաեւ պարսկական ընկերությունը. «Ենթադրվում է, որ այդ ընկերությունը հանդիպել է եւ՛ Magnetic Leasing-ի հետ, եւ՛ Fly Armenia-ի»։

Գնահատելով օդանավի արժեքը՝ Խաչատրյանը նշեց, որ օդանավը վերջին 4 տարիներին գնողունակ պահանջարկ չի ունեցել շուկայում. «IBA աղբյուրի համաձայն, ինչը հիմնականում օգտագործում են վարձակալները`1999 թվականին արտադրված  եւ CFM56-3C1 շարժիչներ կրող B737-300 օդանավերի վերջին շուկայական արժեքը գնահատվել է 2017 թվականին`2,45 միլիոն դոլարն է։ Վերջին 4 տարիներին օդանավը գնողունակ պահանջարկ չի ունեցել շուկայում եւ IBA-ի աղբյուրում այն արժեքորոշում (котировка) չի ստացել վարձակալների համար»։

Խաչատրյանը նշեց, քանի որ Հայաստանում օդանավերի քանակի սակավություն կա, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է աշխատակից ունենար, որը կհետեւեր այդ օդանավի հետ տեղի ունեցող գործընթացներին. «Եթե չի եղել պայմանագրի չեղարկում կամ օդանավը չշահագործելու որոշում։ Պետք էր անցկացնել ռեգիստրացիա, օդանավին տրվեր համապատասխան կոդ, որպեսզի այդ լիզինգի օդաչուները գային եւ տանեին։ Դրանից հետո արդեն իրենք իրենց մոտ փաստաթղթերով արդեն անեին ռեգիստրացիա։ Այդ պրակտիկան այլ երկրների ՔԱԿ-երում կա, որը պիտի կատարեն»։

Փորձագետը շեշտեց, որ խնդիրն ավիաընկերության ղեկավարության մեջ է. «Fly Armenia-ն է որոշել կատարել գործարքը։ Այս 3 կառույցներում է եղել գործընթացը, որի վերաբերյալ պետք է անցկացվի քննություն։ Պարզապես կարելի է այս գործընթացի մասին տալ հստակ պարզաբանում, որ ծաղրի առարկա չդառնանք արդեն հակառակորդ երկրի ղեկավարի մոտ»։

Անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի կոմիտեում ընթացող քննությանը՝ Խաչատրյանը շեշտեց, որ արդեն մեկ շաբաթ տեւող քննությունը պետք է կատարվեր մի քանի րոպեում. «Հիմա քննությունն անցկացվում է ՔԱԿ-ում, բայց կարող է կոմիտեն ունենալ մեղավորություն. արդյոք ճի՞շտ է, որ կոմիտեն լինելով մեղավոր՝ անցկացնի քննություն։ Կարծում եմ՝ պետք է լինի անաչառ կողմ, որն անցկացնի օբյեկտիվ քննություն։ Այդ քննությունն տեւում է մոտ 1 շաբաթ, սակայն այդ քննությունն անցկացնելը մի քանի րոպեի հարց էր։ Ընդամենը պետք էր զանգահարել օդաչուներին, եւ նրանք հստակ կպատասխանեն՝ ում հրահանգով, ում որոշմամբ են թռիչք կատարել եւ կոնկրետ որտեղ են գտնվում»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից կիրառվող սանկցիաներին՝ փորձագետն ասաց, որ ԱՄՆ-ն սանկցիաների է կիրառում Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի վրա. այդ երկրներին օդանավեր չպետք է վաճառվեն, նույնիսկ այդ օդանավերի պահեստամասերը չպետք է տրվեն։

Նշենք, որ ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

«Աշխարհի գերտերությունն ունի սանկցիաներ, դրանք իրավունք չունենք չհարգելու. ամբողջ աշխարհի պետությունները դա հարգում են։ Եթե սանկցիայի մեջ հստակ գրված է, որ Իրանին այլեւս որեւէ օդանավ չվաճառվի, ապա այդ սանկցիան իմանալով հանդերձ եւ լինելով պետական կառույց դա անցնելը՝ մեծ իմիջի իջեցում է։ ԱՄՆ-ն պետք է մեր երկրից պահանջ ներկայացնի, թե ինչ է կատարվել օդանավի հետ։ Հիմա քննությունն այդ նպատակով է անցկացվում, որպեսզի հստակ նշվի՝ որտեղ եւ ինչու։ Դա պետք է զեկուցվի ԱՄՆ-ին, թե ինչպես եղավ, որ շրջանցեցին սանկցիաները»,- նշեց նա։

Նշենք՝ կան տեղեկություններ, որ «Boeing 737-300» օդանավը մինչեւ Իրան հասնելը, եղել է նաեւ Վառնայում (ԵՄ օդային տարածք), այնտեղ մնացել է մեկ օր, այնուհետեւ մեկնել Իրան։

«Ինչպե՞ս է  Վառնայի անվտանգությունը թույլ տվել, որ Եվրոպայի տարածքով թռիչք իրականացվի։ Այս պահին Բուլղարիայում նույնպես խիստ հսկողություն է, փորձում են պարզել՝ ով է թույլ տվել, որ ԵՄ-ը օդային տարածք մուտք գործելու արգելքով հայկական օդանավ Վառնա վայրէջք կատարի»,- նշեց Խաչատրյանը։Նշենք, որ հայկական օդանավի՝ անհետանալու դեպքի առնչությամբ ՀՀ ՔԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել, նշելով, որ կատարվում է քննություն։

Ավելի վաղ ՀՀ ՔԱԿ-ի կայքից տեղեկացել ենք, որ ինքնաթիռը գրանցվել է Հայաստանում կոնկրետ ժամանակով՝ մինչեւ 2025 թվականի օգոստոսի 20-ը։

Տպել
Ամենաշատ