Երեւանում այսօր` հունիսի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարածքում գետնին ընկած է հրազեն, որի մոտ առկա են արյան հետքեր: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների, եղել է մի քանի կրակոց:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հրազենային վնասվածք ստացածը փորձել է ավազակային հարձակում կատարել: Երբ ոստիկանները հետապնդել են նրան, նա մետրոյի մոտ, մարդաշատ վայրում կրակել է ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո կրակել է նաեւ ավազակային հարձակում կատարողի վրա եւ վնասազերծել նրան: վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում են Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանյանը, Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ Գագիկ Ավետիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանը:
Այստեղ են հավաքված մեծ թվով քաղաքացիներ: Նրանց մուտքը նշված տարածք արգելելու համար իրենց ծառայությունն են կատարում ոստիկանության պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները` հրամանատար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:
Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչները` հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները:
Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի ոստիկանության հենակետում զրուցում են այն ոստիկանի հետ, ով վնասազերծել է զինված հանցագործին: Վերջինիս տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորվածի ինքնությունն ու տեղի ունեցածի հանգամանքները պարզ կլինի մի փոքր անց:




















Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























