News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ հետ վերադառնալով թե 2 տարիների կտրվածք, թե առավել եւս նախապատերազմյան, պատերազմյան եւ հետպատերազմյան փուլեր, իշխանության նպատակներն այս պետության հետ զրո առնչության ունեն շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը:

«Բոլոր գործընթացները, որոնք կան, որոնք տեսանելի են, թե պատրաստվող պատերազմը, թե չավարտվող պարտությունը, թե այսօրվա իրողությունները կապված Արա Սաղաթելյանի գործի եւ դատաքննության հետ, այն ամենը ինչ մենք ունենք այսօր, ուղղակի ապացույցն է նրա, որ այս իշխանությունը մեր ազգային եւ պետական շահերի հետ մեղմ ասած կապ չունի։ Կարելի է քննարկել, թե որքանով է աշխատում մեր ազգային եւ պետական շահերի դեմ»,-ասաց նա:

«Ցանկացած պրոդյուսեր երջանիկ կլիներ, որ իր հովանավորյալը, ում համար ինքն աշխատում է, իր ռեյտինգը փորձում է բարձրացնել, հանրության համար դարձնել հայտնի, ցանկացած պրոդյուսեր կերազեր, որ այնպիսի գործընթաց ունենար, ինչպիսին ունի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանը»։ ԱԱԾ-ի անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը էսօր տեսեք, թե ինչ պոպուլյար է դարձել։ Այսօր ի՞նչ նպատակների մասին ենք խոսում։ Մարդն իր երազում նման բան չէր կարող պատկերացնել, բայց մենք ունենք էդ իրողությունը»,-ընդգծեց Բեքարյանը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ արդյոք հնարավո՞ր է, որ այդ ֆեյքը ստեղծված է իշխանության կողմից, որպեսզի հետո այն օգտագործվի ըննդիմության դեմ, Բեքարյանն ասաց. «Կան  հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար հեչ պետք չի լինել իրավաբան, փաստաբան: Ես 2,5 տարուց ավելի հանրային դաշտում աշխատում եմ՝ ցույց տալով իշխանության սխալները, որոնք կործանման են տանում երկիրը: Որեւէ անգամ դու տեսե՞լ եք իմ բառակազմի մեջ որեւէ մեկի հանդեպ անհարգալից վերաբերմունք, անձնական վիրավորանք: Որովհետեւ առողջ բանականության տեր մարդը չի կարող հաճույք ստանալ այն բառակազմից, որով ներկայանում է այդ «ֆեյքը»: Հետեւաբար, ստացվում է  հետեւյալը, եթե ես այդ աշխատանքը տանում եմ, դրան զուգահեռ իբրեւ թե էս կողմի ճամբարից էդ բառակազմով եմ հանդես գալիս, դրանով հողին է հավասարեցվում իմ արած աշխատանքը: Պարզ չի՞, որ այդ բառամթերքը կարդալիս առաջանալու է արգահատանք այդ թեւի նկատմամբ: Երկրորդ, ինչու ՀՔԾ-ն ոչինչ չի անում այդ ֆեյքը փակել տալու, զուգահեռաբար անելով իր քննությունը, հայտնաբերելու, թե ով է դրա հետեւում կանգնած: Այս ամբողջ ընթացքում այդ ֆեյքին պահում է, պատերազմի ժամանակ, հետպատերազմյան ժամանակ պահում է, հիմա էլ այնպիսի «ռասկրուտկա» է անում, որ ընթերցողների թիվը հասնում են բարձր թվերի»:

Հարցին՝ արդյոք իշխանությունը փորձում է այսկերպ ուշադրություն շեղել, Բեքարյանն  ընդգծեց. «Դուք կարդացեք Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ԱԱԾ հայտարարությունը: Փոխարենը՝ տեսեք, թե ԱԱԾ-ն որքան մարդկային, ֆինանսական ռեսուրս է ծախսում այդ ֆեյքին գտնելու համար: Նորից եմ կրկնում՝ այս  իշխանության նպատակները այս պետության շահերի հետ չեն համընկնում»:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։

Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ