News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


19-ամյա սերժանտ Մարգար Մելքոնյանին զոհվելուց մի քանի օր առաջ լեյտենանտի կոչում էր շնորհվել։

«Զանգեց, ասաց՝ մամ, ինձ լեյտենանտի կոչում են տվել, մեր բոլոր լեյտենանտները զոհվել են, ասացի՝ չէ, Մագ ջան, չվերցնես, չեմ ուզում, բայց լավ գիտեի տղայիս, գիտեի, որ չի հրաժարվի։ Զոհվելուց հետո, երբ թղթերն ինձ տվեցին, ասացին, որ ինքը կոչումը վերցրել է, բայց պաշտոնական դեռ չէր ձևակերպվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան պատերազմում հերոսաբար կռված ու նահատակված Մարգար Մելքոնյանի մայրը՝ Զարուհի Մարտիրոսյանը։

Մարգարը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 13-ին։ 3 ամիս ծառայել է Լուսակերտում, 3 ամիս՝ Գյումրիում, ապա տեղափոխվել է Արցախ, Մարտունի։

«Արդեն սերժանտի կոչումով, տղաս տեղափոխվեց Մարտունի։ Հպարտ էր, ուրախ էր, շատ սիրուն զինվոր էր, ասում էի՝ Մագ, քեզ համազգեստն այնքա՜ն շատ է սազում։ Կարանտինի ժամանակ ասում էր՝ շատ լավ է, հինգ հոգով բարձրանում ենք դիրքեր, սերժանտներ և մեկ հրամանատար»,- պատմում է Մարգարի մայրը։

Ընկերները հիշում են՝ Մարգարը խելացի էր, զուսպ և կազմակերպված։

«Դպրոցական տարիներին միշտ երկու ձեռքս էի բարձրացնում։ Ասում էի՝ մեկն իմ փոխարեն եմ բարձրացնում, մյուսը՝ Մարգարի։ Մարգարը շատ բան գիտեր, բայց չէր սիրում բարձրաձայնել»,- ասաց Մարգարի մանկության ընկերը՝ Արտյոմ Մարգարյանը։

Մարգարը սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Նպատակ ուներ հացաբուլկեղենի և ֆրեշների ցանց ստեղծել։

«Շատ էր սիրում երաժշտություն լսել և սերիալներ դիտել։ Կատակով իրեն ասում էինք՝ վիկինգ կամ Թոմաս Շելբի։ Հիմա, երբ իր մոտն եմ գնում, չգիտեմ՝ լսում է, թե՝ չէ, իր սիրելի երգն եմ միացնում՝ The Night We Met` «Այն գիշերը, երբ մենք հանդիպեցինք», - պատմում է Մարգարի մանկության ընկեր Լևոն Մխիթարյանը։

Մարգար Մելքոնյանը նահատակվել է հոկտեմբերի 22-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է նոյեմբերի 7-ին «Եռաբլուրում»։

Տպել
Ամենաշատ