News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագում լուրջ կոռուպցիոն աղմուկ է բարձրացել: Ըստ ամենայնի, գերմանացի մի քանի քաղաքական գործիչներ փորձել են անձնական օգուտ քաղել Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած իրենց կապերից: Այս կապակցությամբ ԳԴՀ դատախազության ուշադրությունը սեւեռվել է առաջին հերթին ԳԴՀ-ում իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության երկու անդամների՝ Ակսել Ֆիշերի եւ Մարկ Հաուպտմանի վրա, գրում է DW-ն:

Մարտի սկզբին Բունդեսթագում Ֆիշերի գրասենյակը, ինչպես նաեւ նրա տունը խուզարկել էին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում՝ կապված էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) աշխատանքի ընթացքում Ադրբեջանից քաղաքական գործչի գումար ստանալու հավանականության հետ։

Ինչ վերաբերում է Մարկ Հաուպտմանին, ապա նրան մեղադրում են, որ 16 000 եվրո է աշխատել իրեն պատկանող Südthüringen Kurier թերթում Ադրբեջան շրջագայություններ եւ ադրբեջանական մրգերից նռան հյութ գովազդելով: Գովազդը ուղեկցվել էր նմանատիպ թեմաներով խմբագրական նյութերով: Հաուպտմանը հերքում է, որ այս հայտարարությունների հրապարակումը որեւէ ազդեցություն է ունեցել իր քաղաքական դիրքորոշման վրա: Այնուամենայնիվ, մարտի 11-ին քրիստոնեադեմոկրատը, որին ԳԴՀ-ում մեղադրում են ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ, այսպես կոչված, «դիմակային խարդախության» մեջ, հրաժարվել է պատգամավորական մանդատից:

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ մեղադրվում է նաեւ Հաուպտմանի եւ Ֆիշերի կուսակից Թոմաս Բարայսը: Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբի հրատարակությունների ուսումնասիրության համաձայն, մարտի 12-ին Բարայսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կորոնավիրուսի համավարակի բռնկումից անմիջապես հետո քաղաքական գործիչը հասել է նրան, որ գերմանական բժշկական սարքավորում արտադրող Löwenstein Medical-ը ԹԱՕ սարքերի արտոնյալ մատակարարումներ անի Ադրբեջանին:

Լրագրողները պարզել են, որ 2019-ի հունվարին Բարայսը տնտեսական պատվիրակության կազմում այցելել է Բաքու եւ հրավիրվել է նախագահ Իլհամ Ալիեւի մոտ ընդունելության: Պատգամավորը պնդում է, որ ինքը ճնշում չի գործադրել գերմանական ընկերության վրա, իսկ Ադրբեջանին իր աջակցությունը բացատրվում է բացառապես «մարդասիրական օգնություն» տրամադրելու մտադրություններով:

Միաժամանակ Ակսել Ֆիշերը, Մարկ Հաուպտմանը եւ Թոմաս Բարայսը ՔԴՄ շարքերում «ադրբեջանական խարդախության» մեջ ներգրավված միակ անձինք չեն: Անկախ փորձագետների կողմից 2017 թվականին հրապարակված «Խավիարային դիվանագիտություն» խոսուն վերնագրով զեկույցի համաձայն՝ Ադրբեջանն արդեն վաղուց փորձում է ազդեցություն ունենալ ԵԽԽՎ պատգամավորների վրա:

Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն զբաղվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի այն զեկուցողներին կաշառելով, որոնք վերահսկել են պարտավորությունների կատարումը, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵԽ-ին անդամակցելիս: Որպես կաշառք օգտագործվել են բազմատեսակ նվերներ, այդ թվում՝ սեւ խավիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլ եւ զարդեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել