Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն միայն բարեփոխված ընտրական օրենսգրքին համապատասխան, ասված է Ընտրությունների դիտարկման եվրոպական պլատֆորմի (EPDE) հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ Հայաստանում ընտրական բարեփոխումները, լինելով 2018 թավշյա հեղափոխության հիմնական պահանջներից մեկը, իրականացվում են քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների փորձագետների լայն մասնակցությամբ:
«Ակնկալվում է, որ ընտրական համակարգը կբարելավվի ավելի համամասնական ներկայացուցչության եւ թափանցիկության բարձրացման միջոցով: Այնուամենայնիվ, ներկայիս քաղաքական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է ներկայացնում երկրում ժողովրդավարական բարեփոխումների համար»,- հավելում են փորձագետները:
Նրանց խոսքով՝ օրենսգրքում փոփոխությունների ընդունումը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, նույնիսկ եթե դա հակասում է ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերող միջազգային ընդհանուր կանոններին: