News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) նվաճել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

Այսրվա ընթացքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ ոսկե մեդալը նվաճել է Արսեն Հարությունյանը։ 21-ամյա Հարությունյանը ոսկե մեդալը վիճարկել է բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ և հաղթել 8:3 հաշվով:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մինչև այս Հայաստանն ուներ ևս 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխել Թուրքիայի քաղաքացի, վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Մարտի 18-ին Արցախի շտապօգնության կայանն ահազանգ է ստացել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ սրտի խնդիրներով։ Հիվանդը տեղափոխվել է Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն, հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչեւ մարտի 19-ը։ Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին։ Այս դեպքի մասին առաջինը հայտնել էր «Sputnik Արմենիա»-ն, որը վկայակոչելով իր աղբյուրը, հայտնել էր, որ սրտի կաթվածով ադրբեջանցին տեղափոխվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ ենթարկվել է սրտի վիրահատության՝ կորոնար անոթների ստենտավորման։

Հունիսի 20–ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իշխանության հայտարարությունը չի փոխել ՀՅԴ օրակարգը։ Այս մասին լրագրողներին ասել է  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։  Եթե Դաշնակցությունը մենակ էլ մնա, մինչեւ վերջ պայքարելու է, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռացվի՝ ասել է նա։ Սաղաթելյանի խոսքով՝ իրենք վարչապետի ֆեյսբուքյան ստատուսներին չեն հավատում։

ՀՅԴ–ն շարունակում է պնդել, որ արտահերթ ընտրությունները չպետք է կազմակերպվեն Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ եթե այնուամենայնիվ դրանք կազմակերպվեն, ՀՅԴ–ն կմտածի՝ ինչ ֆորմատով մասնակցել դրանց։ Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժման ֆորմատին՝ Սաղաթելյանի կարծիքով՝ այն կշարունակի լիարժեք գործել, որովհետեւ շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերը ընդհանուր կոնսենսուս ունենք՝ այս իշխանություններին հեռացնելու շուրջ։

Ազգային ժողովի արտահերթ նիստին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հաստատել են Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Ըստ այդմ, սահմանափակվելու են քրեական գործերով փաստաբանների իրավունքները, Բարձրագույն դատական խորհուրդը կարող է փոխել դատավորին, եթե համարի, որ իր մասնագիտական որակներով չի համապատասխանում գործի պահանջներին եւ այլն։

Արտահերթ նիստին անկախ պատգամավոր, «Իմ քայլը» լքած Թագուհի Թովմասյանը նկատողություն է արել իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, որը նրա նախորդ ելույթին ժամանակ, երբ Թովմասյանն ասում էր, թե տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Արցախի մասին, Քոչարյանը տեղից ռեպլիկ էր արել։

Հետո Թագուհի Թովմասյանն անցել է իր բուն ելույթին՝ հիշեցնելով, որ Սոթքի ոսկու հանքի գործազուրկ դարձած 300 աշխատակիցների համար կառավարությունը դեռևս ոչինչ չի ձեռնարկել։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մինչեւ ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց գնալ արտահերթ ընտրությունների, եթե դրանից առաջ հայտարարում էիք, որ ընտրություն անցկացնելու հանրային պահանջ չկա, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, թե իրենք այդպես չեն ասել։

Սիմոնյանը նաեւ դատապարտել է  լրագրողի վրա նախարար Հակոբ Արշակյանի բռնուցքներով հարձակվելու միջադեպը։ «Որեւէ մեկն իրավունք չունի բռնություն գործադրել»,- նշել է Ագային ժողովի փոխոսնակը, որը, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում գլխով հարվածել էր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի դեմքին, ծեծկռտուքի մասնակցել, հետո ոստիկանություն կանչել։

Հրապարակվել են բարձր տոխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարի եւ  լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ սրճարանում տեղի ունեցած միջադեպի ամբողջական կադրերը: Հիշեցնենք, որ լրագրողի խոսքով, ինքը հարցրել է, թե ինչո՞ւ է նախարարն աշխատանքային ժամերն անցկացնում սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերն է աշխատում. խնդրել է՝ անջատել տեսախցիկը, ապա սպառնացել, րոպեներ անց բարձրացել երկրորդ հարկ,  կոտրել լրագրողի հեռախոսն ու համակարգիչը։ Երեկոյան էլ ֆեյսբուքյան գրառմամբ ափսոսանք է հայտնել միջադեպի համար եւ պատասխանատվություն կրելու պատրաստակամություն։ Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակվելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել է Մարդու իրավունքների պաշտպանին, որը դատապարտել էր Հակոբ Արշակյանի կողմից բռնությունը։ Այդ կերպ ՔՊ–ականն աջակցություն է հայտնել լրագրողի նկատմամբ հարձակում գործած նախարարին։ Գրառումը հավանել են բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Դատարանը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Պաշտպանական կողմը նշել էր, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, ակնհայտ չհիմնավորված եւ չպատճառաբանված, որ դրանով խախտվել են տվյալ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը կանոնակարգող, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ։

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Ֆիզուլու տարածաշրջանից հայտնաբերված եւս 15 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է։

Մարդու իրավունքների պաշտպանը հերթական հայտարարություններն է տարածել Արցախյան պատերազմում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների ու ցեղասպանության, հայկական մշակույթի ու ճարտարապետության ոչնչացման մասին, որոնք այսօր էլ շարունակվում են։ Օմբուդսմենը հրապարակել է դրանք վկայող բազմաթիվ փաստեր, նշել, որ հայտարարությունը փոխանցվելու է նաեւ միջազգային կազմակերպություններին։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 182 հազարից: Մեկ օրում մահացել է 22 վարակակիր, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4171 է։

Սեռափոխված մարզիկի մասին պատմող աղմկահարույց «Մել» ֆիլմի արտադրական փուլն ավարտված է։ Կին ծանրորդների շրջանում տիտղոսներ նվաճած Մելինե Դալուզյանի կենսագրության մասին ֆիլմին Հայաստանը հատկացրել էր 20 միլիոն դրամ, համաֆինանսավորել են Նիդեռլանդները, Ճապոնիան ու Կանադան։ Հիշեցնենք, որ ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է։

Մեքսիկայում դարանակալվել ու սպանվել են 13 ոստիկաններ ու քննիչներ։ Մեխիկո նահանգի դատախազությունը հայտարարել է, որ սպաները տարածք էին մեկնել «հանցավոր խմբավորումների դեմ պայքարի համար»: Նարկոկարտելների դեմ պայքարը ծանր է նստում Մեքսիկայի իշխանության վրա. Միայն անցած տարվա ընթացքում սպանվել են առնվազն 524 մեքսիկացի ոստիկաններ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.45%-ով եւ հասել 527.87դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.99 դրամով ու կազմել 627.80 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը. նվազել է 1.48 դրամով ու կազմել 734.80 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04դրամով  ու կազմել 7.12 դրամ:

Մարտի 20-ին, Հանրապետության որոշ շրջաններում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում վաղը դադարներով կարճատև անձրևներ կտեղան: Մայրքաղաքում գիշերը կլինի 0-ից +2, վաղը ցերեկը +12-ից +14 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ