News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ղարաբաղի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը ասի, թե լուծված է։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզ կատարված այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այդ տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի եւ մենք ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա: Մենք պետք է արձանագրենք, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձեւով կառավարվի, որովհետեւ սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ ունենք եւ ուրիշներն էլ ունեն։ Սա հեշտ հարց չէ, եթե հեշտ լիներ, մենք շատ վաղուց դա լուծած կլինեինք։ Հաջորդը, պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը ասի, թե լուծված է։ շատ կլինեն հարցեր, թե մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Մեր տղերքը զոհվեցին նրա համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ լուծված չէ, որովհետեւ Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա։ Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, դա մեր զոհված զինվորների, բանակի շնորհիվ է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ առաջ գնալու ձեւը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ 

Այս հարցում շատ են լինելու շահարկումներ, բայց իմ ասած դարավոր հարցի լուծմանն ընդառաջ քայլ պետք է լինի կոմունիկացիաների բացումը։Մարդիկ հավաքվում են, գուռում են՝ Նիկոլ, դավաճան։ Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այդ դավաճանությունն ինչումն է, որ մենք չենք թալանել, եվրոպաներում, ամերիկաներում տներ, անշարժ գույքեր չենք առել, որ միլիոններ չենք կուտակել մեր շվեցարական բանկերի հաշվեհամարներին, որ դղյակներ չենք սարքել։ 20 տարի, որ ժողովուրդը թալանից խոսում էր, աչքով էին տալիս, թե բա բանակ ենք պահում, առաջնագիծ ենք պահում։ Հետո 2016-ին պարզվեց, որ 80-ականների զենքերով ենք կռվում, այսօր էլ մեզ ասում են, թե այս 2 տարվա ընթացքում ինչո՞ւ սա չեք արել, նա չեք արել։ 2018 թվականին բանակում նույնիսկ զինվորի մայկա-տրուսիկի հարց լուծված չի եղել, զինվորի ուտելիքի հարց լուծված չի եղել։ Այո, մենք մեղավոր ենք նրա համար, որ 2 տարվա ընթացքում չենք լուծել այն հարցերը, որ դուք 20 տարվա ընթացքում չեք լուծել, եւ ժողովուրդը թող այդ մեղքի համար մեզ պատժի այնպես, ինչպես ճիշտ է համարում»,- նշեց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ ժողովրդն իր վճռական խոսքը պետք է խորհրդարանական ընտրություններին ասի։

 

«Այստեղ գալուց մտածում էի 2018 թվականից մեր սխալների բացատրության մասին։ Հետադարձ հայացք գցեցի 2018 թվական, վերադարձա եւ մի հետաքրքիր բան արձանագրեցի․ հեղափոխությունից անմիջապես հետո մենք անընդհատ բախվում էինք նախկին համակարգի բունտերի հետ․ սկզբից Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության բունտն էր, խորհրդարանական մեծամասնության հարցը լուծեցինք, հետո եկավ Սահմանադրական դատարանի բունտը, դրանից հետո եկավ դատական համակարգի բունտը, դրանից հետո ԱԱԾ տնօրենի բունտը, մինչեւ այսօր այդ բունտերը շարունակվում են։ Ըստ էության այսօրվա Հայաստանի փսեւդո-էլիտայից չկա մի սուբյեկտ, որ մեր դեմ բունտ չի արել։ Բայց այստեղ հարց է ծագում․ եթե բոլորը քո դեմ բունտ են անում, ուրեմն խնդիրը քո մեջ է։ Բայց իրոք մեր մեջ է պրոբլեմը, որովհետեւ 2018 թվականից մեզ ասում են՝ հասկացանք՝ եկել եք, կառավարություն եք դարձել, եկեք բան անենք, բան լինի։ Իրենց ասենք՝ բան անենք, բան լինի, բա ժողովրդի՞ն ինչ լինի։ Սա է պատճառը, 2018 թվականից մենք զբաղված ենք բունտեր ճնշելով, եւ հայտնի չի՝ դեռ ինչքան ենք այս բունտերը ճնշելու, բայց սա վճռական պահն է։

ՔՊ վարչության նիստ ժամանակ մի միտք ծագեց, որ 2018 թվականից առաջ ընկալում կար, որ իշխանությունը վայելք է։ Բայց մենք 3 տարի է՝ Հայաստանում իշխանություն ենք, ի՞նչ են տեսել մեր ընտանիքները՝ տառապանք, անարգանք, լաց, սթրեսներ։ Իշխանությունը մեզ համար իրականում դժոխք է եղել։ Գրել են՝ Աննա Հակոբյանը Կանադայում տուն է առել, ինչ-որ փաստաթուղթ էին հրապարակել, որը հնարավոր է, որ կեղծ չէ, բայց մտածենք՝ 10 միլիոն հայի մեջ քանի Աննա Հակոբյան կա, ամենահայտնի անուններից եւ ազգանուններից մեկն է։ Այսինքն այս կարգի մանիպուլացիաներով ուզում են ասել, որ մենք ձեզ դավաճանել ենք։ Մենք շատ բաներ ենք արել, բայց մի բան կա, որում մեզ չեն կարող մեղադրել, դա դավաճանությունն է։ Ժողովուրդը դա գիտի, թե չէ մենք այսօր այստեղ կանգնած չէինք լինի»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ