News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայաստանի զինված ուժերում՝ Ջերմուկի ուղղությամբ, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Խիստ ձնաբքի պայմաններում զորամասի մարտական մի հենակետից մյուսն անցնելու ընթացքում երկու պայմանագրային զինծառայողի հետ կապը կորել է։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նրանց որոնումները բքի պատճառով իրականացնել չի ստացվում։ 

Արցախի Պաշտպանության Բանակը հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված եւս 192 զինծառայողի անուն: Պաշտոնական տվյալով՝ հայկական կողմից զոհվածների թիվը հասել է 2624-ի:

Գլխավոր շտաբի պետի պաշտոնի շուրջ թնջուկը, գնալով, ավելի է խճճվում: Թեև վարչական դատարանն արձանագրել էր, որ Օնիկ Գասպարյանին ազատելու գործընթացում իրավական հիմքեր չկան, եւ Գասպարյանն էլ դրանից հետո աշխատանքի էր գնացել, զինված ուժերի գլխավոր շտաբն արդեն պաշտոնապես նոր պետ ունի։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված և նրան ներկայացրել զինված ուժերին։ 

Դավթյանը հայտարարել է՝ զինված ուժերը քաղաքական գործընթացներին չեն մասնակցելու։ 

Արտակ Դավթյանը, հիշեցնենք՝ համավարակի պայմաններում որդու մարդաշատ հարսանիքն անցկացնելուց հետո՝ ամիսներ առաջ էր թողել գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Իսկ գեներալ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնոնկության հարցը կշարունակի վիճարկել վարչական դատարանում։ Ավելին, նա պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, քանի որ կարծում է՝ կառավարությունը անտեսում է դատարանի միջանկյալ որոշումը, որն իրեն թույլ է տալիս ժամանակավորապես վերականգնվել գլխավոր շտաբի պետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ թե Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը, թե Արտակ Դավթյանի նշանակումը տեղի ունեցան նույն սցենարով՝ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց համապատասխան հրամանագրերը, բայց նաև դրանք չվիճարկեց սահմանադրական դատարանում։

Հայաստանի եւ Ռուսաստանի հայտնի գործիչները շարունակում են արձագանքել մարտի 20-ին՝  շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արագածոտնի մարզում հնչեցրած հայտարարություններին։ Ռուսական մամուլը ծաղրել է Փաշինյանի այն միտքը, թե չեն հասցրել Սու-երի հրթիռները ձեռք բերել եւ հիշեցրել, որ հրթիռները վաճառելն օրենքով արգելված է։ Փաշինյանն ասել է նաեւ, թե Շուշին իրենից պաշտպանողները ներդրում չեն արել այնտեղ, նրանց համար Շուշին Շվեյցարիան է կամ Բադեն-Բադենը։

Շուշին օր օրի ծաղկում էր, բոլորը գիտեն, թե վերջին տարիներին այնտեղ ինչեր են կատարվել, NEWS.am-ին ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մեկ-մեկ թվարկել ներդրումները, որոնք կատարվել են Շուշիում. «Դպրոցների նորոգում, 5 թանգարանների բացում, մեծածավալ ասֆալտապատում, 24-ժամյա ջրամատակարարում, փողոցների լուսավորում, մայթերի բարեկարգում, մշակութային օջախների նորոգում, մանկապարտեզներ», թվարկել է Սարգսյանը։

Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները բողոքի ակցիա են արել, 19 տարեց հացադուլ է հայտարարել։ Պատճառն այն է, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։

Ինտերնատ ժամանած Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը պնդել է, որ ոչ ոք չի պատրաստվում Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին տեղափոխել այստեղ կամ հակառակը: «Պարզապես, ՊՈԱԿ-ների իրավակազմակերպական ձեւն է փոխվում», ասել է նա:  Մամուլում հայտնվել է կառավարության որոշման նախագիծը, որտեղ հստակ առաջարկվում է միավորել տուն-ինտերնատները։

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում կիրակի հայտնաբերվել է 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դին՝ հրկիզված վիճակում:  Նա նախորդ ուշ երեկոյան էր եկել տնից և չէր վերադարձել: Պողոսյանը 4 երեխաների հայր էր։ Հարուցվել է գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 184219-ի: Մահացել է 15 վարակված, նրանցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4220 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը,  նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով ու կազմել  527.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն  աճել է 0.18 դրամով ու հասել 627.98 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.48 դրամով ու կազմել 731.32 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 7.09 դրամ:

Մարտի 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Երեւանում եւս ընդհատումներով անձրեւ է սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +8-ից  +10, վաղը ցերեկը +16-ից +18 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ