NEWS.am-ն օրերս նամակ է ստացել «Օրանժ Արմենիայի» բաժանորդներից մեկից, որտեղ նա դժգոհություն է հայտնում նոր ծառայություններից մեկից օգտվելու առումով: Խոսքը վերաբերում է շաբաթ եւ կիրակի օրերին անվճար խոսելու ակցիային: Ըստ այդմ` «Օրանժ Արմենիայի» բաժանորդները կարող են լիցքավորել հաշիվը 1000 եւ ավելի դրամով, ու ողջ ամսվա ընթացքում անվճար րոպեներ ստանալ շաբաթ եւ կիրակի օրերին խոսելու համար (Օրանժի այլ համարների հետ): Այս առաջարկը լայնորեն գովազդվում է նաեւ հեռուստաալիքներով:

Սակայն խնդիրն այն է, որ ծառայությունից օգտվելիս բաժանորդը զրկվում է այլ ծառայությունից, որի մասին տեղյակ չէ: Արգելվում է բաժանորդներին զանգելու խնդրանք ուղարկելն ու հավելյալ 100 դրամ ծառայությունը:

«Օրանժ Արմենիայի» սպասարկման կենտրոնից պարզաբանեցին, որ իրոք այդ ծառայությունը փաթեթներից օգտվելու դեպքում չի գործում: Փաստորեն` «բաժանորդներին զանգելու խնդրանք» ծառայությունը կակտիվանա միայն շաբաթ եւ կիրակի օրերի համար նախատեսված րոպեները սպառելուց հետո: