News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոտ մեկ ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո «Հայրենիքի փրկության շարժումը» բացում է պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը վերափոխում է շարժման շտաբի։ Այսօր շարժման տարածած հայտարարությունում նաև ասվում է, որ իրենք պայքարի նոր ալիք են սկսում՝ ընդլայնելով ակցիաների աշխարհագրությունը՝ դեպի մարզեր։ Հետագա անելիքները ներկայացնելու համար Շարժումը մարտի 28-ին՝ ժամը 15-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Այսօր դարձյալ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկման մանրամասները հայտնի չեն, միայն հերթական պաշտոնական հաղորդագրությունն է տարածվել. կարևորել են ընտրությունների ազատ և արդար կազմակերպման համար անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։ Հետպատերազմական խնդիրների տակ կռացած երկրի քաղաքական գլխավոր հարթակի թեման պարգևավճարներն էին։ Քաղաքական ուժերը մեղադրում էին միմյանց, թե որ ուժի ներկայացուցիչներն են ավելի շատ պարգևավճարներ ստացել։ Հարցը, ի դեպ, բավական արհեստական եղանակով օրակարգ բերեց իմքայլական Սիսակ Գաբրելյանը։ Նա իր ելույթում հայտարարեց, որ ԲՀԿ–պատգամավորները Ծառուկյանի գլխավորությամբ 45 մլն դրամի պարգևավճար են ստացել, իսկ Լուսավոր Հայաստանը՝ 20 մլն, մինչդեռ դրա մասին ընդդիմությունը չի խոսում։ Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հիշեցնել գործադիր և օրենսդիր մարմիններում իշխանության ներկայացուցիչների ստացած պարգևավճարներն ու հավելավճարները։ Այս քննարկումներում Ժամանակ առ ժամանակ իրավիճակը սրվում էր։ Օրակարգային հարցերից որևէ մեկը նման բուռն քննարկման այդպես էլ չարժանացավ։  

Իսկ ԱԺ միջանցքներում գլխավոր թեման Փաշինյանի հայտարարած՝ հունիսի 20–ի արտահերթ ընտրություններն էին և դրանց ընդառաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու իշխանությունների նախաձեռնությունը։

Այս թեմայով լրագրողների հարցերը հունից հանեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որը սովորաբար թիմակիցներից առանձնանում է հավասարակշռված պահվածքով։ Նա մի պահ այնքան վրդովվեց, որ ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ՝ լրագրողներից նեղացած։ Մակունցի նյարդերը տեղի տվեցին, երբ լրագրողները նկատեցին, որ Փաշինյանը վարկաբեկված է և չի կարող գլխավորել ՔՊ–ի նախընտրական ցուցակը, և որ ՔՊ-ն մարդ-կուսակցություն է։

ԼՀԿ–ն դեմ է Ընտրական օրենսգիրքը կարճ ժամկետում, առանց լայն քննարկումների փոխելուն։ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է՝ եթե իշխանությունները մինչև ընտրությունները փոխեն օրենսգիրքը, կնշանակի խախտել են իրենց հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, քանի որ Փաշինյանի հետ այդ հարցը չի քննարկվել։ Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, խմբակցությունից ասել են՝ իրենց համար, որպես կայացած կուսակցության միևնույն է՝ հին, թե նոր օրենսգրքով կգնան ընտրությունների։

Մոտ երկու տարի անց Սահմանադրական դատարանն այսօր վերջապես սկսել է քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը դեմ արտահայտվեցին դիմումները գրավոր ընթացակարգով քննելուն՝ պատճառաբանելով, որ այս կերպ իրենք կփարատեն կասկածները, թե ՍԴ որոշ դատավորներ այս գործում քաղաքական շահագրգռվածություն ունեն։

Քվեարկության արդյունքում՝ ՍԴ 4 հնաբնակները կողմ էին բանավոր ընթացակարգով քննարկմանը, դեմ արտահայտվեցին գործող իշխանության ընտրած դատավորներն ու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։  Մեկ ժամ քննարկելուց հետո ի վերջո որոշվեց գրավոր ընթացակարգով քննել գործը։

Նիստի ավարտին Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը  նկատեց, որ ճնշում է գործադրվել Սահմանադրական դատարանի վրա։ Մասնավորապես,  իշխանությունների հետ ուղղակիորեն փոխկապակցված, նաեւ Վահե Գրիգորյանի մտերիմներից փաստաբան Տիգրան Եգորյանը մատ է թափ տվել ՍԴ–ի վրա, որ  հանկարծ այնպիսի որոշում չկայացնեն, որով կդադարեցվի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Ի դեպ, Վահե Գրիգորյանն այսօրվա նիստին չէր մասնակցում։

ՍԴ նիստից անմիջապես հետո Շենգավիթի դատարանում վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսներով գործով դատական նիստը։ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց բացարկի միջնորդություն ներկայացնել դատախազ Գևորգ Բաղդասարյանին, որին օրեր առաջ տեսել էին Ծաղկաձորում՝ իմքայլական կան պատգամավորի հետ հանդիպելի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, պաշտպանական կողմին թույլ չտալով որևէ միջնորդություն ներկայացնել, որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլին, ինչից հետո 2-րդ նախագահի փաստաբանները ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը։ Սպասվում է, որ Մարտի 1–ի գործը դատարան գնալուց երկու տարի անց՝ մարտի 30–ին,  վերջապես կմեկնարկի դատաքննության փուլը։

Ջերմուկի մարտական հենակետից կորած երկու պայմանագրային զինծառայողներից մեկի համար ձնաբուքը ճակատագրական է եղել։ 29–ամյա Աղասի Հովհաննիսյանին գտել են մահացած։ Նրա մյուս ընկերը՝ Կարեն Շահնազարյանը, ծանր վիճակում է։ 

Աղասի Հովհաննիսյանը Արագածավան գյուղից էր, ծառայության էր անցել մեկ տարի առաջ, ուներ մեկ տարեկան երեխա։

Ռազմական ոստիկանության ձեռք բերած տվյալների համաձայն՝ մարտի 20-ի առավոտյան նրանք ծխախոտ և վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից և գնացել մոտ 1.5կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել են այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել են՝ չհասնելով հենակետ: Թե ինչու են զինծառայողները ստիպված եղել լքել մարտական դիրքը ծխախոտ  ու վառելիք բերելու համար, գլխավոր դատախազության տարածած հայտարարությունում չի նշվում։ Տելեգրամյան ալիքները, սակայն, փոխանցում են, որ  զինծառայողների հերթափոխը ժամանակին չի կազմակերպվել: Նրանք 6 օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, ինչից հետո որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու։ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 801 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 185 հազարից: Մահացել է 26 վարակված, նրանցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 4246 է։

Կոլորադոյի հանրախանութներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Նրանցից մեկը ոստիկան է, որն առաջինն էր ժամանել կրակոցների մասին ահազանգից հետո: Ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է:

Հրաձիգի դրդապատճառներն հայտի չեն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով եւ հասել  528.12 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել  627.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.89 դրամով ու կազմել 727.43 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.16 դրամով ու կազմել 6.93 դրամ:

Մարտի 24-ին երկրում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-28-ը կնվազի 10-12 աստիճանով: Երեւանում սպասվում է դադարներով անձրեւ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +10-ից +12, վաղը ցերեկը +14-ից +16։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ