News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մարտի 1-ի գործն անակնկալ զարգացում ունեցավ։ Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական ճանաչեց այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին։ Դատարանը որոշեց քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է»,- որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

ՍԴ որոշմանը Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի անդրադարձում ասվում է․«Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»։

Նախօրեին մեկ սեղանի շուրջ են հավաքվել Հայաստանի եւ Արցախի բոլոր նախկին նախագահները։ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպման մասին Ֆեյսբուքով տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: «Քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սա երկրորդ նման կազմով հանդիպումն է։ Առաջինը տեղի էր պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 21-ին։

Սկանդալը խորանում է Օնիկ Գասպարյանի հայցը քննող դատավոր Մհեր Պետրոսյանի շուրջ։ Նա երեկ երեկոյան գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, բողոքելով իր հանդեպ ճնշումներից: Նամակն ստանալուց 15 րոպե անց ԲԴԽ-ն հավաքվել է ամբողջ կազմով, հրավիրվել է Մհեր Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ գեներալ Գասպարյանի հայցով միջանկյալ միջոց կիրառելու նախորդ օրը դատավորին այցելել էին ԱԱԾ աշխատակիցներ, սակայն Պետրոսյանը դուռը չէր բացել։

Քննարկումից հետո ԲԴԽ-ն գլխավոր դատախազություն է ուղարկել Մհեր Պետրոսյանի՝ իրենց ուղղված դիմումի պատճենը։

Առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ եւ հրմշտելով բերման ենթարկել Արամ Հարությունյանին: Ոստիկանը նախ փորձել է մուտք գործել տարածք, սակայն կուսակցության նախագահը թույլ չի տվել, պատռել է ոստիկանի բերած թուղթը։ Նրան ի վերջո, ուժով բերման են ենթարկել։

Փաշինյանի այցը կառավարության 3-րդ մասնաշենք՝ Տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների նախարարություն,  այսօր կրկին ուղեկցվել է միջադեպերով։ Այցից առաջ հատուկ վարժեցված շներով ոստիկանները ստուգել են նախարարությունների շենքը, ապա անցել են շենքի հարակից այգին մաքրելուն։ Բերման են ենթարկել 4 հոգու՝այդ թվում ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին։

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը Երևանում անցկացրել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Փաշինյանն ասել է, որ որոշվել է Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիր իրականացնել։ Այս նպատակով կծախսվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին մնացած 58 միլիարդ դրամը, մյուս մասը կտրամադրի  Հայաստանի կառավարությունը։

Հայերի ու ադրբեջանցիների միջև Արցախի տարածքում նախօրեին միջադեպ է տեղի ունեցել։ Ստեփանակերտ-Կարմի Շուկա  ճանապարհին ադրբեջանցիները ավտոշարասյան թափքից քարերով հարվածել են հայերի մեքենաներին։ Դրանցից մեկը վնասել է հայ տղամադրու վարած ավտոմեքենայի դիմապակին:

Վնասված ավտոմեքենայի վարորդն և մեկ ուրիշ հայ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունն ու բացատրություն պահանջել ադրբեջանցի պատասխանատու սպայից և ռուս խաղաղապահներից։

Տուժած վարորդը ոստիկանությունում պատմել է, որ ադրբեջանցի սպան լուսանկարել է մեքենան, խոստացել, որ միջադեպի մասին կզեկուցի իր վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի: Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին, իսկ խաղաղապահ զորակազմը հարցով արդեն զբաղվում է:

Հերթական աստղաբաշխական կանխատեսման համար դարձյալ ֆեսյբուքյան ծաղրական գրառումների հերոս է դարձել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վկայակոչելով Իրանից զբոսաշրջիկների վերսկսված հոսքը, Քերոբյանը կանխատեսել է ոչ զբոսաշրջության աճ, ոչ թե 300, կամ էլ թեկուզ 320, այլ ուղիղ 319 տոկոսով։

Նախարարը նաեւ վերահաստատել է ավելի վաղ արված՝ իր մեկ այլ՝ ծաղրանքի արժանացած կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին։ Դարձյալ պնդել է, որ 5,3 տոկոս անկմամբ հանդերձ Հայաստանում տնտեսությունը վերականգնվում է, որի հիմնավորումն իր հերթին դարձել էր ֆեյսբուքյան մեմերի թեմա․ըստ նախարարի՝ անցած տարվա փետրվարը 29 օրից էր եւ մեկ օրում լրացուցիչ արժեք է ստեղծվել, իսկ այս տարի՝ ոչ, քանի որ փետրվարն ուներ 28 օր։ Ի դեպ՝ օգտատերերը նկատել են, որ անցած տարվա փետրվարն ավելի շատ ոչ աշխատանքային օրեր է ունեցել, քան այս տարվանը։

Կորոնովիրուսով վարակվածների շրջանում մահերի թիվը Հայաստանում հասել է 4310-ի։ Անցած մեկ օրում մահացել է COVID-ով վարակված 23 մարդ, որոնցից 5-ի մահն, ըստ պաշտոնական աղբյուրի, վրա է հասել այլ հիվանդությունից։ Նախօրեին վարակվածների թիվը երկրում ավելացել է 1005-ով ու հասել 188446-ի:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դժվար հաղթանակով է սկսել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը։ Առաջին տուրում մեր ազգային թիմը հյուրընկալվել է Լիխտենշտեյնին եւ հաղթել 1։0 հաշվով։ Հայաստանի ընտրանին ունեցել է զգալի առավելություն, գնդակին տիրել է խաղաժամանակի 70 տոկոսը, 26 հարված կատարել դարպասի ուղղությամբ, մրցակցի 0 հարվածի դիմաց։ Հաղթանակն, այնուհանդերձ, ձեռք է բերվել ինքնագոլի շնորհիվ, խաղավարտից րոպեներ առաջ Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն է ուղղել Լիխտենշտեյնի կիսապաշտպանը։ Երկրորդ տուրում՝ մարտի 28-ին, Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Իսլանդիայի թիմին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.81 դրամով, հասել է 529.49 դրամի: Եվրոյի փոխարժեքը մնացել է անփոփոխ` 624.37 դրամ 1 եւրոյի դիմաց, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.98 դրամով ու հասել 730.22 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.99 դրամ:

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան։ Մարտի 27-ին շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Երևանում եւս սպասվում են դադարներով տեղումներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ