News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը։

NEWS.am-ը ներկայացնում է Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը.

«Դեռեւս 2021 թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ: Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախ՝ պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետեւանքով ձեւավորված ստատուս քվոյի հետ, ինչպես նաեւ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Երկրորդ` Հայաստանի կառավարությունը փաստորեն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որեւէ այլ կնճռոտ հարց գոյություն չունի եւ իշխանությունները պատրաստվում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հատուցման հարցի հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Արդեն մարտի 16-ին, ՀՅԴ Բյուրոն, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները եւ սեփական տեղեկությունները` լեգիտիմությունը կորցրած եւ հայրենիքի մի կարեւոր հատված թշնամուն հանձնած ՀՀ իշխանություններին խստորեն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի եւ ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից եւ Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները` խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիորեն ընդունում են, որպես ղարաբաղյան հակամարտության կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի թրքահաճո կարգավորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամյակներ տեւող թուրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողություններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետեւանքային իրողությունների շուրջ։ Մինդեռ ակնհայտ է, որ հայության դիրքորոշումը հետեւանք է ոչ թե հայ եւ թուրք ժողովուրդների համահավասար պատմական դիմակայության, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դեմ կազմակերպված բնաջնջման եւ զանգվածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպես շարունակություն իր նախորդների հակահայ դարավոր քաղաքականությանը՝ նույն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խոսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրեւ թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարվում մեր պատմական հիշողությունից, ինքնությունից ինչպես եւ նախընթաց ժամանակահատվածում արժանապատիվ կեցվածք ենք դրսեւորել։

Չափազանց ցավալի է, որ ակներեւ այս ճշմարտությունները, որոնք շոշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգությունը եւ բաց նյարդը, ստիպված ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության ու համայն հայության նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսեւորումը ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացահայտ եւ լայնածավալ ներգրավումն էր։

Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տեւական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղության կայուն երաշխավորը. խաղաղությունը տարածաշրջանում խախտվել է մեր հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, հետեւապես Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պետք է խաղաղություն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լավը գիտի խաղաղության գինը, բայց իր պատմության հրամայականով գիտի նաեւ, որ անարժանապատիվ խաղաղությունը միայն ճանապարհ է բացում ապագայի արյունալի պատերազմների համար։

Այսպես կոչված խաղաղության կեղծ քարոզը Հայաստանի իշխանությունները անամոթաբար շարունակում են նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հավակնություններ են դրսեւորում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պետք է հաշվի առնել, որ սահմանը անօրինական կերպով եւ որպես թշնամական գործողություն փակվել է հենց թուրքական պետության կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որեւէ դերակատարություն չի ունեցել, հետեւապես սահմանի բացման գործում առաջին քայլը պետք է անի հենց թուրքական պետությունը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից եւ ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները։

Վերջիններիս անգամ եւս զգուշացնում ենք՝ Հայոց ցեղասպանության հարցը ուրացող եւ ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ եւ եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին եւ փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միեւնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետեւանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո եւ դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության եւ ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանությունը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանությունները անմիջապես հեռանան ասպարեզից եւ ազգային ուղղուածությամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգավոր վիճակից հանելու բեռը»։

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ եթերում 3 անգամ խուսափել է պատասխանել հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, թե՞ ոչ՝ նշելով, թե պետք է մոտեցումներում որոշակի շտկումներ անել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել