News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանգստյան օրերը ուղեկցվել են իշխանության ներկայացուցիչների սկանդալային հայտարարություններով։ Շաբաթ օրը Հանրայինի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք  Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ, փոխարենն ասել է, որ Թուրքիայի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում որոշակի շտկումներ  պետք է արվեն եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Հաջորդ օրը տարածաշրջանի երկրիների վերաբերյալ մեր ընկալումները փոխելու անհրաժեշտության մասին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը հիմք է տվել եզրակացնելու, որ Հայաստանի իշխանությունները գնում են Թուրքիայի հետ մերձեցման, և այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը հյ հասարակությունում Թուրքիայի որպես թշնամի երկրի ընկալումը փոխելն է։

Երկուշաբթի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Գրիգորյանի հայտարարությանն արձագանքելով արտգործնախարարը հասկացրել է, որ երկու մարդ իրավունք ունեն ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը, եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը նրանց թվում չէ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին գերատեսչության առաջնահերթությունն է, շեշտել է Արա Այվազյանը:

Այվազյանը նաեւ վստահեցրել է, որ իր գլխավորած նախարարությունը տեղեկություն չունի պաշտոնական Անկարայի հետ որեւէ ձեւաչափով բանակցության մասին:

Դաշնակցականներն ի նշան բողոքի՝ այսօր երթով հասել են Անվտանգության խորհրդի գրասենյակ, որտեղ այրել են Թուրքիայի դրոշը։ Նրանք հայտարարել են, որ Անվտանգության խորհուրդն իր քարտուղարով դարձել է Հայաստանում Թուրքիայի դեսպանատուն, քանի որ ներկայացնում են այդ երկրի շահերը։

Մի քանի աղմկահարույց հայտարարություն էլ Նիկոլ Փաշինյանն է արել նախօրեին Արմավիրի մարզի կատարած այցի ժամանակ։ Նա հպարտությամբ նշել է, որ պատերազմի երկու ամիսներին համահայկական հիմնադրամը հավաքել է 220 միլիոն դոլար, մինչդեռ նախորդ 28 տարիներին ընդամենը 313 միլիոն դոլար է հավաքվել, ինչը Փաշինյանի խոսքով իր ձեռքբերումն է։ Նա ասել է նաեւ, թե կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Սահմանադրական դատարանն էլ, Փաշինյանի ձեւակերպմամբ, որպես ինստիտուտ չի կայացել:

Փաշինյանը խոսել է նաեւ հանքարդյունաբերության մասին, ասել, որ միջազգային շուկայում պղինձը թանկանում է, եւ պետությունը, հնարավոր է արգելի դրա հանքաքարի արտահանումը եւ ազգայնացնի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այս ձեռնարկության խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մամուլի համար մեկնաբանել է, որ Փաշինյանն անգրագետ է եւ, ինչպես մյուս հարցերում, այնպես էլ այս ոլորտից ոչինչ չի հասկանում. Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը արտահանում է ոչ թե հանքաքար, այլ խտանյութ, իսկ ազգայնացման փորձերը կարող են ավարտվել գերմանացի սեփականատերերի հետ միջազգային սկանդալով։ 

Հայրենիքի փրկության շարժումը նախօրեին հանրահավաք ու երթ է նցկացրել մայրաքաղաում։ Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետագա անելիքները, նշել, որ մինչեւ ապրիլի 22-ը, այն օրը, երբ Փաշինյանը հրաժարական կտա,  շարժումն այցելու է մարզեր:

Հանրահավաքից հետո մեկնարկած երթի ավարտին Ազգային ժողովի մոտ միջադեպ է տեղի ունեցել։ Նստացույց անողների խոսքով՝ իրենց մոտեցել են սադրիչներ, սպառնալիքներ հնչեցրել, լարված իրավիճակ է առաջացել, ընդդիմության ներկայացուցիչները բերման են ենթարկվել, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանի եղբայրն ու հորեղբորս որդին։

«Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Ըստ լուրերի՝ նա արդարադատության փոխնախարար է նշանակվելու։ Նախնական տվյալով՝ նրա մանդատը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված թիվն անցել է 190 հազարից։ Անցած մեկ օրում գրանցվել են վարակվելու եւս 424 նոր դեպք եւ 13 վարակակրի մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 4358-ի։

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումն էլ է ավարտել հաղթանակով՝ 2։0 հաշվով պարտության մատնելով Իսլանդիայի հավաքականին։ Գոլերը խփել են  Տիգրան Բարսեղյանն ու նրա փոխանցումից հետո Խորեն Բայրամյանը:  Հավաքականն առաջին անգամ է ընտրական փուլը սկսում երկու հաղթանակով։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանն ու Գերմանիան։ Երրորդ տուրում՝ մարտի 31-ին, Հայաստանի ազգային թիմը Երևանում կհյուրընկալի  Ռումինիայի հավաքականին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.59 դրամով, հասել է 530.08 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով եւ կազմել 624.12 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.83 դրամով ու հասել 733.05 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.98 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց։

Մարտի 30-ին հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում եւս կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +21+14:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ