News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնեւ) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, եւ իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: 

Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս եւ անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ եւ վստահելի գործընկեր խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաեւ շնորհիվ անկախության:

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture - APT) գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: Ուստի, էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաեւ դրանք առավել հզորացվեն:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաեւ այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:

Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները  եւ Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։

Ծանոթագրություն։ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի նստավայրը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքն է: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) եւ Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է եւ մեծ դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու իրավունքների հաստատության  գործունեության գնահատելու հարցում:

Ներկայացնում ենք նամակի ամբողջական տարբերակն անգլերեն եւ հայերեն թարգմանությամբ, որն իրականացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ