News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկար ընդմիջումից հետո վերադառնալով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը սկսեց կարծիքներ հարցնել Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ նրանց փաստաբանների բացակայության վերաբերյալ:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը պետք է կայացվի դատական ​​նիստի ընթացքում: Մեղադրյալներից երկուսի եւ նրանց փաստաբանների բացակայությունը հաշվի առնելով՝ դա հնարավոր չէ: Պետրոս Պետրոսյանը միացավ իր գործընկերոջ կարծիքին:

«Հայտարարվեց, որ ամբաստանյալները եւ նրանց փաստաբանները ներկա չեն: Հետաքրքիր է՝ ո՞ր հոդվածով են նրանք ամբաստանյալներ, եւ ինչո՞ւ է խոսվում պաշտպանության մասին: Եթե ​​մենք խոսում ենք Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի մասին, ապա ինչո՞ւ են նրանք ամբաստանյալներ եւ ինչից են պաշտպանվում, եթե հոդված չկա: Այս պահին իմ պաշտպանյալին մեղադրում են հոդվածով, որը չկա ՔՕ-ում»,-վրդովմունք հայտնեց Հայկ Ալումյանը` նշելով դատավորի գործողությունների անօրինականությունը:

«Քրեական հետապնդում է իրականացվում է գոյություն չունեցող հոդվածով: Ինչի՞ եք Դուք վերածել օրենսդրությունն ու դատարանը»,-ասաց փաստաբանը՝ դատավորից պահանջելով դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը: Նման կարծիք հայտնեց նաեւ փաստաբանց Արամ Վարդեւանյանը: Փաստաբանը հիշեցրեց, որ գործի դադարեցման մասին դատավորի որոշումը չի կարող պայմանավորված լինել որեւէ մեկի ներկայությամբ կամ բացակայությամբ, դա հրամայական է:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի եւ մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ: 

Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես պահանջեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ՔՕ 300.1-րդ հոդվածով:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը մեջբերեց ՔԴՕ 35-րդ հոդվածը, ըստ որի` դատարանը, հայտնաբերելով հետագա քրեական հետապնդման խոչընդոտները, ինքը պետք է միջոցներ ձեռնարկի այն դադարեցնելու համար, ինչը դատարանը չի անում: «Մեղադրող կողմը պնդում է, որ քանի որ Սահմանադրական դատարանը չի փոխել մեղադրյալի կարգավիճակը, նրանք չեն դադարում այդպիսին լինել: Սա ֆորմալիստական ​​մոտեցում է՝ ոչնչով չարդարացված: Երկու մեղադրյալի նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի, մյուս երկուսի գործը պետք է շարունակվի, քանի որ ներկա են բոլոր կողմերը»,-ասաց փաստաբան Արամ Օրբելյանը: Նա շեշտեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պարզապես մեղադրանք չկա: Փաստաբանը թողեց հարցի տեխնիկական կողմը, որը որոշելու է դատարանը: «Եվ դատախազությանը պարտավորեցրեք ներողություն խնդրել»,-եզրափակեց Օրբելյանը: 

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նիստը հետաձգելու որոշումը սխալ կլինի: «Դուք նրանց ներկայությունն ապահովելու օրինական հնարավորություն չեք ունենա, եւ այդպես շարունակ»,-նշեց փաստաբանը: Նրա խոսքով՝ իրավիճակի մեղավորները նրանք են, ովքեր իրավական տեսանկյունից կառուցել են քրեական գործը երերուն հիմքի վրա, եւ այժմ նաեւ պնդում են, որպեսզի այն շարունակվի: «Իրավական բացը մենք կլրացնենք»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ չկա որեւէ գործողություն, որը կարելի է մեղսագրել մեղադրյալներին: Նրա խոսքով՝ ով հորինել է այդ գործը, թող նա էլ պատասխանի: Փաստաբանը նշեց, որ գլխավոր դատախազի՝ Սահմանադրական դատարան դիմելու արդյունքը նույնպես չի կարող արտացոլվել այս գործում:  Եթե ​​օրենսդրական խնդիր կա, թող լուծեն, սա այս գործընթացի վրա չի ազդել: Այժմ օրենսդրությունը նախատեսում է քրեական հետապնդման դադարեցում, նշեց փաստաբանը:

Դատախազ Բաղդասարյանը համաձայնեց, որ դատավորը պետք է քննարկի քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, բայց միեւնույն ժամանակ` օրենսդրական բացը (մեղադրանքը վերաորակելու հետագա նպատակով-խմբ.), որի միջնորդությունը ներկայացրել է դատախազությունը: Եվ քանի որ Խաչատուրովի եւ Օհանյանի կարգավիճակը դեռ չի փոխվել, ապա նիստը պետք է հետաձգվի:

Դատավոր Դանիբեկյանը հիշեցրեց, որ վաղը Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը արձակուրդ է մեկնում, եւ ինչպե՞ս է Բաղդասարյանը պատկերացնում նիստերի հետաձգումը: Դատախազն ասաց, որ դա իր խնդիրը չէ, իսկ ՔԴՕ-ն բացառություններ չի ենթադրում: 

Հատկանշական է, որ դատախազը՝ խոսելով միջնորդությունների համատեղ քննարկման անհրաժեշտության մասին, կատեգորիկ տոնով դատավորին ասաց. «Չեք կարող»:

Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դատավորը չպետք է «քննարկի» եւ «որոշի» քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը. սա Սահմանադրական դատարանի որոշումից բխող հրամայական է: Միանալով իր գործընկերոջը` փաստաբան Արամ Վարդեւանյանը նկատեց, որ դա դատավորի պարտականությունն է, եւ ոչ մի բան չի կարող խանգարել Սահմանադրական դատարանի որոշման կատարմանը: Դատախազներն էլ, ինչպես նկատեց փաստաբանը, դատավորին մղում են հանցագործություն կատարելու. «Կա միայն մեկ փաստ. չկա հոդված, չկա վարույթ»:

Պաշտպանության եւ մեղադրող կողմի միջեւ վեճ սկսվեց այն հարցի շուրջ, թե արդյք դատավորը պարտավոր է սկսել նիստը եւ դրանից հետո հեռանալ խորհրդակցական սենյակ, թե ոչ: Դատախազները պնդում էին առաջին, փաստաբանները` երկրորդը: Էրիկ Ալեքսանյանն ընթերցեց ՔԴՕ համապատասխան դրույթը, համաձայն որի՝ գործով դատավորը կարող է ինքնուրույն որոշում կայացնել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Կողմերին լսելուց հետո դատավորը հակվեց դատախազների կարծիքին: Հաշվի առնելով այն, որ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ նրանց փաստաբանները բացակայում են, եւ նրանց ներկայությունն ապահովելու համար միջոցառումները երկար կտեւեն, դատավորը որոշեց քննարկել պաշտպանական միջնորդությունները այդ անձանց բացակայության պայմաններում:

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քննարկելու բան չկա, դատավորը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ եւ որոշում կայացնի: Իսկ ահա դատախազների միջնորդությունը դեռ քննարկման կարիք ունի: «Ինչպե՞ս եք համատեղելու չքննարկվողն ու քննարկվողը: Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառով: Ես կտրականապես դեմ եմ քննարկումներին: Հարցը պահանջում է ոչ թե քննարկում, այլ լուծում»,-ասաց փաստաբանը:

Պաշտպանության կողմը հիշեցրեց, որ միջնորդության առարկան տարբեր է, համապատասխանաբար, միասին դրանք չեն կարող քննարկվել:

Փաստաբանը հաստատեց, որ գլխավոր դատախազության կայքում արդեն տեղադրվել է հաղորդագրություն ՍԴ գլխավոր դատախազի դիմումի մասին, եւ նմանատիպ գործողությունները դատարանում անիմաստ են: Դատախազների քայլերը նպատակ ունեն հետաձգել գործը, հայտարարեց փաստաբանը՝ կրկնելով, որ քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի:

Դատավորը դատախազներից փաստաբանների հնչեցրած տեղեկության մասով բացատրություն պահանջեց: Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց, որ դատախազը չի կարող գործել դատարանի փոխարեն: Զգալով սեփական խոսքերի անտրամաբանությունը՝ դատախազը հայտարարեց, որ իրեն խանգարում է դատարանում աղմուկը: Այն բանից հետո, երբ լիակատար լռություն հաստատվեց, դատախազը մանրամասն բացատրեց, թե ինչ հոդվածներով է դիմել գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ ՍԴ դիմումը որեւէ կերպ չի լուծում այստեղ բարձրացված հարցը: Դատավորը շարունակեց հարցնել գլխավոր դատախազի դիմումի պարունակության մասին: Բաղդասարյանը փորձեց ապացուցել, որ մեկը մյուսին չի փոխարինում եւ չի լրացնում:

Կողմերին լսելով՝ դատարանը որոշեց, որ միջնորդությունների համատեղ քննարկման անհրաժեշտություն չկա, եւ դատարանն այսօրվա նիստում կքննարկի միայն փաստաբանների միջնորդությունները:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ