News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, հայրենասեր, բանակին նվիրված մարդ էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նախարարը պատմեց, որ լեգենդար հրամանատարին ճանաչում էր դեռեւս 1990-ական թվականներից. «Նա աշխատել է իմ եղբոր հետ ռազմական կաֆեդրայում, դրանից հետո մենք հանդիպել ենք եւ միասին ծառայել ենք, երբ ես նշանակվեցի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իսկ ինքը այդ կոմիտեում զբաղեցնում էր համապատասխան պաշտոն։ Ամենադժվար պահին, երբ Ղարաբաղի բանակը ձեւավորվում էր, ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, Պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ, նա մեկնեց ամենադժվար պահին։ Նա մի կողմից սկսեց մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից ձեւավորում էր բանակը։ Դրանից հետո երբ ես 1999 թվականին նշանակվեցի Պաշտպանության նախարար, նա իմ մոտ աշխատում էր հատուկ հանձնարարությունների գեներալ, այդտեղ էլ մենք միասին աշխատել ենք։ Իմ կապերը նրա հետ շատ սերտ էին, ես իրեն շատ լավ ճանաչում եմ, գնահատում եմ նրա ներդրումը եւ ամենակարեւորը, որ նա մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման եւ սկզբնական փուլում մարտական այդ գործողություններին։ Նա այդ վիճակում կարողացավ գնահատել վիճակը ճիշտ եւ գտնել լուծումներ»։

Հարցին՝ արդյոք վերջին պատերազմից հետո ինքը խոսե՞լ է Կոմանդոսի հետ, նախարարն ասաց. «Բնական է, նա օբյեկտիվորեն գնահատում էր ստեղծված իրավիճակը։ Համոզված եմ, որ նա մի ցանկություն ուներ, որպեսզի մեր բանակը լիներ մարտունակ, եւ մեր պետությունը միայն դուրս գար ամեն ինչից հաղթանակած»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը, հաշվի առնելով նաեւ այն, որ նա Շուշին ազատագրողներից էր, իսկ այսօր Շուշին հակառակորդի վերահսկողության տակ է, Հարությունյանը պատասխանեց.

«Երբ մենք սկսում էինք շարժումը, ունեինք Ղարաբաղ, որը շրջափակման մեջ էր, ունեինք ավելի քիչ նյութական ռեսուրս, ռազմական ռեսուրս, Ադրբեջանը միշտ ունեցել է 25 անգամ ավելի շատ զինամթերք, 3-4 անգամ ավելի ունեցել է տանկ, ավիացիա ունեցել 60, մենք ունեցել ենք՝ 0. մենք կարողացել ենք հաղթանակ ապահովել։ Հիմա մենք ունենք ավելի լավ վիճակ, քան ունեցել ենք 1998 թվականին, մենք պիտի լինենք միասնական, ունենանք կամք, ձգտում դեպի հաղթանակ, դրա արդյունքում պիտի ունենանք տնտեսություն ու մարտունակ բանակ»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ իշխանությունը նշում է՝ Թուրքիային որպես թշնամի չդիտարկենք, նախարարը պատասխանեց. «Կոչ եմ անում՝ եկեք այս օրը չդարձնենք քննարկման այն թեմաներին, որոնք չեն միավորում ազգը»։

Հիշեցնենք, որ 81-ամյա լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ