News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է Մարտի 1–ի գործով որոշումը։  Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,  գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործի վարույթը կարճվել է։ Բոլոր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են։ Խաչատուրովն ու Օհանյանը արդարացվածի կարգավիճակ ունեն։ Իսկ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դատավարությունը կշարունակվի նրանց նախկինում առաջադրված մյուս հոդվածներով։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր։ Գլխավոր դատախազությունն այժմ փորձում է հասնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաորակման։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման եւ հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները ապօրինի ձայնագրառելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ քրեական գործի քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ այդ զրույցները վերաբերում էին «Մարտի 1-ի» գործին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզների հաղորդմանը հայտարարել է, որ վերջին երեք տարվա ընթացքում հետեւողաբար քայքայվել է հայկական բանակի մարտունակությունը: Ըստ նրա՝ պատճառը նոր իշխանության պաթոլոգիական վախն է բանակից, անընդհատ վարկաբեկել են առաջին ղարաբաղյան պատերազմի հերոսներին, դատավարություն է սկսվել մարտի 1-ի գործով, 2,5 տարում փոխվել է ԳՇ 3 ղեկավար եւ Պաշտպանության բանակի 3 հրամանատար: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝  բանակցություններով պետք է ջանալ վերադարձնել ԼՂԻՄ-ի տարածքները: Եթե Պուտինի անձնական միջնորդությունը չլիներ, կկորցնեինք ամբողջ Արցախը, ասել է նա։ Երկրորդ նախագահի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Հայաստանի վարչապետն է:

Ռուսական աղբյուրները հայտնում են, որ մինչեւ Պոզներին հյուրընկալվելը Քոչարյանը զրույց է ունեցել Պուտինի հետ: Նրանք զրուցել են հեռավար, մոտ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, Արցախում իրավիճակը եւ անվտանգության հարցեր: Ավելի ուշ Կրեմլը հաստատել է այս տեղեկությունը։

Անցած գիշեր, ժամը 3-ին հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ներգրավվել է հրշեջների 12 հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է 3,5 ժամ անց։ Հրդեհը մարվել է առավոտյան 8-ն անց 39-ին: Այրվել են հիմնականում խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:

Երեւանի փրկարարական վարչությունից  Գարեգին Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ ընդհանուր այրվել է 2 հազար քառակուսի մետր տարածք։

Հրդեհված տարածքում եղել է 18 տաղավար եւ 4 պահեստային մաս, հայտնել է «Սուրմալուի» տեղամասի պետ Վարդան Մանուկյանը, ավելացրել, որ բոլորին տվել են անվճար տարածքներ, որ իրենց ապրանքները, որոնք մնացել են, տեղափոխեն այդտեղ, հետո կորոշեն՝ ինչ անել:

Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երեւան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս տեղեկությունը  հաստատել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ։ «Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է եղել դեպքը։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում»,– պատմել է քաղաքապետը։

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր առաջին մարզային հանրահավաքն է արել Սեւան քաղաքում։ Շարժման անդամները հայտարարել են, որ  ամեն ինչ պետք է անել ընտրություններ թույլ չտալու համար։ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյաննն ասել է՝ ինքն ընտրություն չի ընդունում, իշխանություններին հարկավոր է զոռով քշել։ Խոսելով 44 օրյա պատերազմի մասին՝ Մանուկյանն ասել է՝ դա պատերազմ չէր, սպանդանոց էր։

Ճիշտն այն է, որ ընտրության չգնանք, ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, համոզմունք հայտնել, որ ընտրություններում Փաշինյանն արյուն է թափելու: «2 շաբաթից շանս է լինելու ընդհանրապես առանց ընտրության իրենից ազատվելու, մենք պարտավոր ենք դա անել: Հաղթելուց հետո նոր կմտածենք ոնց ենք վարվում թուրքի հետ»,- նշել է Բագրատյանը, որի խոսքով՝ Փաշինյանը թափառում է մարզերով ու սուտ խոստումներ տալիս։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատգամավորի մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար: 29-ամյա փոխնախարարի կենսագրականում նշված է, որ մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղանի» եւ «Հայաստանում Արբիտրաժի օրերի», եղել իրավաբանական ընկերության իրավախորհրդատուի օգնական, իրավախորհրդատու, մեկ այլ ընկերությունում՝ իրավաբան:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաեւ պաշտոնանկության որոշում է կայացրել. Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է պաշտպանության նախարարությունում ծառայությունից. նա պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Ըստ մամուլի՝ Հովհանիսյանը աշխատանքային խնդիրներ է ունեցել նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197873-ի: Մեկ օրում մահացել է 22 վարակված, նրանցից 9-ի մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4559 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 1.27 դրամով, հասել է 535.11 դրամի: Եվրոյի փոխարժեք աճել է 5.34 դրամով եւ հասել 632.07 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.42 դրամով ու կազմել 740.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել ուղիղ 7 դրամ:

Ապրիլի 7-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կշարունակի տաքանալ։ Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +8-ից +10, վաղը ցերեկը +23-ից +25։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ