News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քննչական մարմիններն ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորին, ԱԱԾ պաշտոնատար անձին կանչել բացատրություն տալու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:

«Պարոն Մինասյանը հաղորդում է տվել առանձին 3 դեպքերի վերաբերյալ՝ թե իրեն բերման ենթարկելու մասով, թե ոստիկանության աշխատակիցների գործողությունների եւ անգործության մասով, թե երրորդ անձանց՝ բարձրաստիճան անձանց կողմից կատարված գործողությունների մասով։ Այսինքն՝ որոշակի հատվածով պետք է դիտարկեին, որ ապօրինի գործողություններ են իրականացվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որոշ մասով էլ պիտի դիտարկենք, որ ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում լրիվ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, ընթացքում նաեւ բռնություն են գործադրել ցույցի մասնակիցների նկատմամբ։ Նյութերը նախապատրաստվել են խիստ թերի, նախապատրաստվել են միայն պարոն Մինասյանին բերման ենթարկելու գործընթացի ձեւական հատվածի մասով։ Այսինքն՝ բերման ենթարկողներից մեկին հարցաքննել են, ասել է՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, մնացած անձանց ինչու չեն հարցաքննել, անհասկանալի է»,- նշեց փաստաբան Գալստյանը։

Բենիկ Գալստյանն ասաց, որ Դատախազության աշխատակիցն այդ հանգամանքներին չանդրադարձավ. «Վերջում էլ նշեց՝ լավ, եթե ինչ-որ բան եղել է, իմ կարծիքով՝ կարգապահական է։ Օրենսդրական ակտերով հստակ սահմանվում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելն անձին չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Այս մարդիկ ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորին, ԱԱԾ պաշտոնատար անձին կանչել՝ բացատրություն տալու։ Կամ նույնիսկ պարզեն, թե իրենք ովքեր են»։

Դատախազի այն դիտարկմանը, որ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործը կապ չունի իրենց բողոքի հետ, փաստաբանն արձագանքեց. «Ըստ էության Սիսակ Գաբրիելյանի դեպքն այս գործի հետ կապ չունի։ Սիսակ Գաբրիելյանը դեկտեմբերի 28-ին, իմ համոզմամբ, կատարել է 2 գործողություն, մեկը եղել է այդ չարաբաստիկ դեպքը, որով ՀՔԾ-ում գործ է քննվում, մյուս դեպքը տեղի է ունեցել այդ դեպքից մոտավորապես 40 րոպե հետո, երբ պարոն Գաբրիելյանը մասնակցել է այդ ցույցի ցրման գործընթացին։ Մենք քննչական մարմնին ներկայացրել ենք տվյալներ, ասում ենք՝ պարզեք այս մարդու գործողություններն իրավաչափ են, ոչ իրավաչափ են, այդ մարդն առհասարակ այդտեղ ի՞նչ գործ ուներ, երբ ոստիկանները ցույց էին ցրում»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարներից մեկին, հնչեցվել էին երկուստեղ հայհոյանքներ:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ։ NEWS.am-ին հայտնել են, որ այդ գործով Սիսակ Գաբրիելյանը տուժող է ճանաչվել։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

 

Տպել
Ամենաշատ