News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաջորդ խորհրդարանում պետք է հայտնվեն բանիմաց, կիրթ ու չարատավորված հեղինակությամբ մարդիկ: Սա տարերայնորեն շրջանառվող պահանջ-ցանկություն է, որը փորձում են կիրառել իշխանությունները`գալիք ԱԺ-ի կազմը պլանավորելիս:

Այն, որ օրենսդիր գործունեությամբ զբաղվողը պետք է իսկապես կիրթ լինի` բառի ամենաընդգրկուն իմաստով, կարծեք ոչ ոք չի վիճարկում: Առավել եւս`երբ խոսք է գնում գործող ԱԺ-ի մանդատավորներից շատերի մասին: Նրանց հետ բավական է  ընդամենը մեկ-երկու անգամ շփվել, որպեսզի կասկածի տակ առնվի նրանց կրթական ցենզը (եթե իհարկե դա ունեն) ու բարեկրթության կանոնների իմացությունն ընդհանրապես:

Պատգամավորը կարող է վիրավորել, ծաղրել, հայհոյել լրագրողին, հարձակվել նրա վրա, խլել նրա ձայնագրիչն ու աշխատանքային մյուս գործիքները, զանազան գործարքներ առաջարկել եւ իրեն թույլ տալ այդ կարգի աներեւակայելի շատ բաներ: Պատկերն էլ ավելի դրամատիկ է դառնում, երբ փորձում ես այդ նույն պատգամավորներից մի երկու բառ պոկել ԱԺ-ում քննարկվող այս կամ այն օրինագծի կամ երկրին առնչվող որեւէ հարցի վերաբերյալ: Անհոդաբաշխ նախադասությունների, կցկտուր մտքերի շարանը, մեղմ ասած, ուղղակի ապշահար է անում: Այդ պահերին անհագ ցանկություն է առաջանում «քիչիկ մը» ուսումնասիրել այդ` ոչ ստանդարտ վարքագծով էակների կենսագրությունը` ճշտելու համար, թե` ի՞նչ կրթություն են ստացել:  

ԱԺ-ի կայքում տեղադրված նրանց կեսագրություններն ուսումնասիրելուց հետո  համոզվում ես, որ, իսկապես, դիպլոմը չէ, որ պետք է գեղեցկացնի մարդուն:

Նկատենք, որ գործող ԱԺ-ի մանդատավորներից գրեթե բոլորն ունեն բարձրագույն կրթություն, հիմնականում  պոլիտեխնիկակական ու տնտեսագիտական (կան եւ ֆիզկուլտինստիտուտն ավարտածներ, անասնաբույժներ ու մանկավարժներ):

Կան պատգամավորներ էլ, որոնք որոշել են դիպլոմ ձեռք բերել, որպեսզի իրենց անձնական գործերում նշվի, թե բարձրագույն կրթություն ունեն: Թեեւ սովորելը երբեք ուշ չէ, սակայն որոշ մանդատավորներ դիպլոմ են ձեռք բերել ընդամենը վերջերս 30 տարեկանից հետո: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, օրինակ, 2002 թվականին է ստացել բարձրագույն կրթությունը` ավարտելով  Հայկական գյուղատնտեսական ակադեմիան. տնտեսագետ է: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հրանտ Գրիգորյանը, 2000 թվականին մասնավոր բուհ է ավարտել` Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ է:  Մեկ այլ ՀՀԿ-ական էլ` Զորիկ Զոհրաբյանը, 2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի խմորման արտադրության տեխնոլոգիայի եւ գինեգործության ֆակուլտետը`տեխնոլոգ է:

ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) 1993-1997թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում եւ ստացել «Նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն» մասնագիտությունը: Տիգրան Արզաքանցյանն էլ` դարձյալ ՀՀԿ խմբակցությունից, ընդհանրապես չունի բարձրագույն կրթություն`1984 թվականին ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ-անասնաբույժ է: Եւ, ուշադրություն`  միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր: Թե որտեղ ու ինչ եղանակով է ստացել այդ կոչումը` պատմությանը ոչինչ հայտնի չէ: Նույն խմբակցության անդամ Արսեն Ավագյանն էլ`  2007 թվականին ավարտել է  Լ.Քալաշյանի անվան Հայկական բաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Դե իսկ ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանն ընդհանրապես բարձրագույն կրթություն չունի, եւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել թեթեւ արդյունաբերության ոլորտում` մինչեւ եկել է ԱԺ մուտք գործելու «ծանր» ժամանակաշրջանը:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ, երկու ամսից իր 50-ամյակը տոնող Տիգրան Ստեփանյանի կենսագրականում գրված է, որ նա  «սովորում է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսում»:  Հայտնի չէ, թե պարոն Ստեփանյանը պատրաստվու՞մ է ավարտել ուսումնառությունը, եւ ե՞րբ:

Ուշագրավ է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կենսագրականը, որում թեեւ նշված է, որ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն, թե երբ եւ ինչ մասնագիտություն է ստացել` հայտնի չէ: Դե…այս դեպքում կարեւորը դիպլոմ ունենալն է, ի՞նչ կապ ունի մեջն ինչ է գրված ու առավել եւս` գույնն ինչ է:

 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ